«Ամեն ինչ երևացող է` դրա համար անգամ ոչ մեծ խնդիրները նախկինի համեմատ աչք են ծակում». Դանիել Իոաննիսյան
«Մենք մեղավոր չենք, որ «Բարգավաճ Հայաստանն» է այդ խախտումները կատարում, և մենք, բնականաբար, դա չենք կարող հասարակությունից գաղտնի պահել»,- այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը՝ հակադարձելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի պնդումներին, որ ԲՀԿ-ի նկատմամբ հակաքարոզչություն է ընթանում:
Նա նշեց, որ ստեղծված իրավիճակն իրեն մի փոքր հիշեցնում է 114 դպրոցի տնօրենների պատմությունը: «Մենք բացահայտում ենք այն ուժերի կատարած խախտումները, որոնք խախտումներ են կատարում: Եթե ինչ-որ կուսակցություն խախտում չի կատարում, ապա, բնականաբար, մենք այդ կուսակցության կատարած խախտումը չենք կարող բացահայտել: Մենք մեղավոր չենք, որ «Բարգավաճ Հայաստանն» է այդ խախտումները կատարում, և մենք, բնականաբար, դա չենք կարող հասարակությունից գաղտնի պահել: Այսինքն` ո՞նց, մենք բացահայտենք ԲՀԿ խախտումները, բայց որպեսզի ԲՀԿ հանրային ընկալումները չփոխվեն, գաղտնի պահենք դա՞: Լրագրողները դա ինչպե՞ս կընդունեին, դա մի բան է, որը չի կարելի անել: Այն, ինչ մենք տեսնում ենք, հրապարակում ենք:
Նույն ԲՀԿ մասով` երբ տարածվում էր «Ազատություն» ռադիոկայանի 2015 թվականի տեսանյութը ԲՀԿ-ի ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ և նշվում՝ որպես ներկայումս տեղի ունեցող գործընթաց, բարձրաձայնեցինք, որ ԲՀԿ-ի մասին ապատեղեկատվություն է տարածվում:
Մեր համար կարևոր չի` ով է անում, մեր խնդիրն է՝ առհասարակ պահել օրինականությունը, պաշտպանել օրինականությունը, հանրությանը տեղեկացնել տեղի ունեցողի մասին և նվազեցնել ապատեղեկատվության էֆեկտը»,- մեկնաբանեց Իոաննիսյանը:
Հարցին, թե սպասելի՞ էին արդյոք իր համար երեկ տեղի ունեցած իրադարձությունները, Իոաննիսյանը պատասխանեց՝ անսպասելի էր: «Մենք նախորդ օրը չէինք կարող իմանալ, որ երեկ կբացահայտենք այն, որ ԲՀԿ-ն գումարով է մարդկանց բերել ընտրարշավի, առավել ևս, չէինք կարող կանխատեսել, որ ԲՀԿ-ի ռեակցիան այդպիսին կլինի մեր ասուլիսին, հետո ապատեղեկատվական արշավը չէինք կարող կանխատեսել: Այսինքն` այո, երեկվա օրն ամբողջությամբ անկանխատեսելի էր: Բայց ինքնին այն, որ ամեն ինչ անցնում է ոչ ստանդարտ չակերտավոր, երևի սպասելի է, որովհետև շատ բան է փոխվել: Ես կարծում եմ, որ մենք առաջին անգամ ականատես ենք լինում քիչ թե շատ ընտրություններին, մի գործընթացի, որը ընտրություն է, որտեղ մարդիկ են որոշողը, և նախընտրական քարոզչությունն ընդամենը շոու չէ, որը ստվերում է տեղի ունեցող պրոցեսները, քողարկում է ստվերում տեղի ունեցող պրոցեսները, և ամեն ինչ երևացող է և դրա համար անգամ ոչ մեծ խնդիրները նախկինի համեմատ աչք են ծակում»,- ասաց Իոաննիսյանը: