«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը քվեարկեց
Քիչ առաջ Երևանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը քվեարկեց Արաբկիր վարչական շրջանի 4/30 ընտրատեղամասում: Լրագրողների հետ զրույցում նա հրաժարվեց որևէ հայտարարություն անել՝ պատճառաբանելով, որ քվեարկությանը մնացել է դեռևս 8 ժամ, և իր հնչեցրած տեսակետները կարող են ազդեցություն ունենալ արդյունքների վրա։ Նա նշեց, որ քվեարկության ավարտից հետո դաշինքը հանդես կգա քարոզարշավի ընթացքի վերաբերյալ հայտարարությամբ։
ԲՀԿ-ի գրասենյակում կատարված խուզարկության մասին Ա.Զեյնալյանը տեղյակ չէ։ Լրագրողների տեղեկացմանը, որ երեկ ոստիկանությունն ահազանգի հետքերով խուզարկություն է կատարել ԲՀԿ-ի գրասենյակում, Ա.Զեյնալյանը նշեց, որ կարդացել է լրահոսի վերնագրերը և տեսել Վալերի Օսիպյանի հայտարարության մի մասը, ըստ որի՝ որևէ հակաօրինական բան չկա. «Ես չեմ կարող ամբողջը վերլուծել, որովհետև չեմ կարդացել նույնիսկ այդ հայտարարության տակ եղած տեքստը, ընդամենը վերնագրից եմ ենթադրում և ենթադրությունների հիման վրա չեմ ցանկանում կատարել եզրահանգումներ»։
Դիտարկմանը, որ Նաիրա Զոհրաբյանը պահանջում է ապացույցներ ներկայացնել, կամ զրպարտության համար պատասխանատվության ենթարկել, Ա.Զեյնալյանը պատասխանեց, որ, եթե ամեն ինչ այդպես է, ապա այս ամենը ոչ թե զրպարտության և պատվի, արժանապատվության պաշտպանության հարաբերություններ են, այլ իրավահարաբերություններ են, և դարձյալ իրավունքի պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ ՀՀ օրենսդրության մեջ կան։
Հարցին՝ «Իմ քայլի» հետ կոալիցիոն գործընկերություն պատկերացնո՞ւմ եք քաղաքապետարանում, «Լույսի» քաղաքապետի թենածուն պատասխանեց, որ քվեարկության ավարտից հետո կտեսնեն արդյունքները և ըստ այդմ կկողմնորոշվեն, ու կերևա՝ ինչ է տեղի ունենալու։
«Բոլորիդ շնորհավորում եմ ընտության առիթով և առաջարկում եմ գնալ քվեարկության»,- ասաց Ա.Զեյնալյանը։