Նաիրա Զոհրաբյանը դիմում է Վալերի Օսիպյանին
«Ես դիմել եմ մեր հարգարժան ոստիկանապետին՝ ասելով՝ 12 օր ոստիկանությունը կազմալուծեց մեր ակտիվի աշխատանքը։ Այս 12 օրվա ընթացքում մեր ակտիվիստներին հրավիրել են ոստիկանական բաժանմունքներ, ժամերով պահել են, կազմալուծել են մեր ընտրարշավը»,- այսօր քվեարկությունից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը՝ վստահություն հայտնելով, որ այդ ամենն ուղղորդված է եղել։
Դիմելով ոստիկանապետ Օսիպյանին՝ նա հորդորեց քրեական պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր կատարել են այդ կեղծ ահազանգերը. «Կա՛մ դուք դա անում եք, կա՛մ ստիպված ենք լինելու արձանագրել, որ ձեր գործողություններում կա հստակ ուղղորդվածություն ԲՀԿ-ի հանդեպ, և, բնականաբար, առաջանալու է հարց՝ դուք իրավունք ունե՞ք շարունակելու ձեր գործունեությունը՝ որպես ոստիկանապետ, թե՞ ոչ, որովհետև դուք կեղծ ահազանգողներին պատասխանատվության չեք ենթարկել»։
Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, նա ասաց, որ նման նախագիծ չկա ԱԺ-ում. «Երբ նման նախագիծ լինի, ԲՀԿ-ն կքննարկի, և մենք մեր որոշումը կկայացնենք։ Եթե անգամ մենք կողմ լինենք խորհրդարանը լուծարելուն և արտահերթ ընտրություններին գնալուն, դա լինելու է բացառապես մեր որոշումը, դա չի լինելու որևէ մեկի ճնշմամբ»։
Հարցին՝ իսկ եթե նորից ցույցեր լինե՞ն, նա այսպես պատասխանեց. «Չի կարելի քաղաքական ուժերին սպառնալ ժողովրդով։ Ինչպես ՔՊ-ի հետևում կան կանգնած տասնյակ-հազարավոր մարդիկ, ԲՀԿ-ի, «Լույս»-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության», «Երկիր Ծիրանիի» և մյուս բոլոր քաղաքական ուժերի հետևում այս կամ այն չափով կանգնած են իրենց համակիրները։ Ես ուղղակի անբարո եմ համարում ասել՝ դե որ այդպես է, մենք էլ մեր համակիրներին կհանենք հրապարակ, և տեսեք, թե ում համակիրներն են ավելի շատ։ Չի կարելի, մենք հանրությանը ոչ թե պետք է պառակտենք, այլ պետք է միավորենք»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ-ի՞ն էլ նկատի ուներ, երբ ասում էր, որ այն ուժերը, ովքեր դեմ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, պետք է որևէ ձայն չստանան քաղաքապետի ընտրություններում։
Ի պատասխան՝ Զոհրաբյանը խնդրեց իրեն չնույնացնել վարչապետի հետ, ընդգծելով, որ հարցը Փաշինյանին է պետք ուղղել։ «Ես Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը չեմ։ Նա շատ խոսնակներ ունի, ովքեր շատ ակտիվ են սոցցանցերում, կարող եք իրենց դիմել»,- ասաց Զոհրաբյանը և շտապեց քվեարկության։