«Վարչապետի մասնակցությունը շեղեց ընթացքը». Միքայել Մանուկյան
«Քվեարկեցի հանուն երևանցու, հանուն երիտասարդության, հանուն բարեկեցիկ Երևանի, հանուն երևանցու միասնականության ու համերաշխության»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը՝ իր ընտրությունը կատարելով 9/45 տեղամասում։
Ըստ նրա՝ քարոզարշավի ընթացքը բավարար է. «Մի քիչ քաղաքականացվեց ընտրությունը և ավելի գնաց դեպի համապետական կամ վարչապետին սատարելու։ Վարչապետի մասնակցությունը մի քիչ իր ուղղությունից, իրական քաղաքապետական և ավագանու ընտրություններից շեղեց ընթացքը։ Վարչապետը խնդիր դրեց, որ դա իր վստահության քվեն է»:
Հարցին՝ ձեր թիմի նկատմամբ որևէ ճնշում, հակաքարոզչություն եղե՞լ է, Մ.Մանուկյանը պատասխանեց. «Ոչ, թիրախավորումներ եղել են ի սկզբանե դեպի մեզ, բայց ում կողմից, որ քաղաքական ուժի կողմից, հայտնի չէ»: Նա օրինակ բերեց, որ, երբ հայտնի է դարձել, որ ՀՅԴ թեկնածուն ինքն է, ինչ-որ պատմություններ են հիշել, որ իր հետ ընդհանրապես կապ չուներ, մի պահ ասացին, որ ինքն ընտրապայքարից դուրս է եկել։