«Ես խնդիրը տեղափոխել եմ միջազգային հարթություն». Նաիրա Զոհրաբյան
«Ես բացարձակ նպատակահարմար չեմ գտել դիմել մեր ոստիկանությանը, իրենք են ինձ զանգահարել և խնդրել փաստեր տրամադրել, ես տրամադրել եմ բոլոր փաստերը, որոնք վերաբերել են բացառապես պետական կառույցներում աշխատող անձանց կողմից իմ, Արտակ Զեյնալյանի, Արամ Սարգսյանի, Էդմոն Մարուքյանի հասցեին հնչեցված հայհոյանքներին»,- այսօր քվեարկությունից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ փաստերը վերաբերում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների, «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուների կողմից հնչեցված զազրախոսություններին. «Արձագանքել է նաև օմբուդսմենը. Արման Թաթոյանն ինքն է Դատախազություն ներկայացրել այդ փաստերը։ Ես խնդիրը տեղափոխել եմ միջազգային հարթություն, միջազգային իրավապաշտպան բոլոր կառույցները ստացել են այդ տեղեկատվությունը։ Որպես եվրոպական կառույցներում աշխատող պատգամավոր՝ հետամուտ եմ լինելու, որ բոլոր նրանք, ովքեր իմ երկիրը փորձում են տեղափոխել ատելության քարոզի, բարոյալքման դաշտ, պատասխանատվություն կրեն։ Մենք իրավունք չունենք թույլ տալու, որ ընտրական գործընթացը վերածեն ատելության քարոզի, ընտրական մրցույթը փորձեն տեղափոխել անբարո մրցակցության դաշտ»։
Դա ըստ նրա՝ Հայաստանի ներքին հարց չէ. «Ես միանում եմ իմ հարգարժան գործընկերոջ՝ Նիկոլ Փաշինյանի հորդորին՝ մենք նորից համերաշխության ձեռք ենք մեկնում բոլոր քաղաքական ուժերին։ Այսօր բոլորին ցանկանում եմ արդար մրցապայքար, հույս ունեմ, որ չի կիրառվելու վարչական ռեսուրս, Երևանի ընտրությունները չի տեղափոխվելու իշխող կուսակցության վստահության հանրաքվեի, ինչպես իրենք ամբողջ քարոզարշավի ընթացքում արեցին։ Մենք պատրաստ ենք բոլորի հետ աշխատել համերաշխության մթնոլորտում, կառուցել նոր Հայաստան»։