Բաժիններ՝

Անխիղճ պարտատեր ծառայի առակը

Անխիղճ պարտատեր ծառայի առակը (Մատթ. 18: 23-35)

«Այսպես, երկնքի արքայությունը նմանվում է մի թագավորի, որ կամեցավ ծառաների հետ իր հաշիվները կարգադրել: Եվ երբ սկսեց հաշիվն ընդունել, նրա մոտ բերվեց տասը հազար քանքարի մի պարտապան: Եվ քանի որ նա վճարելու բան չուներ, նրա տերը հրամայեց վաճառել նրան և նրա կնոջն ու որդիներին և այն ամենը, ինչ նա ուներ, և պարտքը հատուցել: Եվ ծառան, գետին ընկնելով, երկրպագում էր նրան և ասում. «Համբերո´ղ եղիր իմ հանդեպ, և բոլորը կվճարեմ քեզ»:

Այդ ծառայի տերը, գթալով, արձակեց նրան և պարտքը նրան շնորհեց: Իսկ ծառան, դուրս ելնելով, գտավ իր ծառայակիցներից մեկին, որ իրեն պարտք էր հարյուր դահեկան: Եվ նրան բռնելով` խեղդում էր ու ասում. «Վճարի´ր ինձ, ինչ որ պարտք ես»: Իսկ ծառայակիցը, ընկնելով նրա ոտքերը, աղաչում էր նրան և ասում.

«Համբերո´ղ եղիր իմ հանդեպ, և կվճարեմ քեզ»: Իսկ սա չէր կամենում. գնաց, նրան բանտ նետել տվեց, մինչև որ պարտքը վճարեր: Նրա ծառայակիցները, երբ տեսան եղածը, շատ տրտմեցին և եկան ու իրենց տիրոջը պատմեցին այն ամենը, ինչ եղել էր: Այն ժամանակ տերը կանչեց նրան և ասաց.

«Չա´ր ծառա, քո ամբողջ պարտքը քեզ շնորհեցի նրա համար, որ աղաչեցիր ինձ. իսկ պետք չէ՞ր, որ դու էլ գթայիր քո ծառայակցին, ինչպես ես քեզ գթացի»: Եվ նրա տերը, բարկանալով, նրան հանձնեց դահիճներին, մինչև որ հատուցի բոլոր պարտքերը: Նույնը պիտի անի ձեզ և Իմ Հայրը, որ երկնքում է, եթե ձեզանից յուրաքանչյուրը սրտանց չների իր եղբորը` նրա հանցանքները»:

Մեկնություն

Գթասիրտ թագավորը՝ Հիսուս Քրիստոսի խոսքի համաձայն, Հայր Աստվածն է, Ով առատորեն բաշխում է մեզ զանազան շնորհներ: Առակում թագավորը հանդես է գալիս որպես պարտատեր, որին ծառաները պարտք են ինչ-ինչ գումարներ: Մարդիկ նմանապես պարտք են Աստծուն ամեն ինչում և պարտավոր են վճարել այդ պարտքը բարի գործերով, սակայն փոխարենն անընդհատ մեղանչում և մնում են Աստծո անվճարունակ պարտապանը: Թագավորը կամեցավ ծառաների հետ իր հաշիվները կարգավորել, այսինքն` ետ պահանջել, ինչ պարտք են նրան: Այդ գլխավոր պահանջն Ահեղ Դատաստանի օրը կլինի: Տասը հազար քանքարը մեր անթիվ մեղքերի բազմությունն է` ընդդեմ Աստծո տասը պատվիրանների, որպես մեր անշնորհակալության պարտքեր` Տիրոջ անհամար ողորմությունների դիմաց: Ամեն օր, ամեն ժամ, նույնիսկ ամեն վայրկյան մեղանչում ենք եթե ոչ գործով, ապա խոսքով, մտքով և ցանկությամբ:

Մովսիսական օրենքի համաձայն՝ անվճարունակ պարտապանն իր ամբողջ ընտանիքով ստրկության էր վաճառվում, և պարտատերը վաճառքից ստացված գումարն իրեն էր վերցնում` պարտքի դիմաց: Առակում վաճառելը նշանակում է Աստծուց հեռանալ և հանձնվել մեկ այլ տիրոջ` սատանային: Կինն ու երեխաները մարմինն ու նրա գործերն են, որոնք Տերը հրամայում է հանձնել սատանային, այսինքն`տանջանքներին ու հիվանդություններին, որպեսզի հոգին փրկվի:

Պարտապանին թագավորի մոտ բերեցին, քանզի իր կամքով երբեք չէր գալու, այլ աններելի անհոգությամբ ավելի շատացնելու էր պարտքը: Սարսափահար` նա պատրաստ էր խոստանալ ամենաանհնարինը, անգամ ոսկու սարեր` պատժից խուսափելու համար… Այդպես և մեղսագործն իր նեղության ու փորձության պահին պատրաստ է տալ Տիրոջը բազում խոստումներ, որոնք, սակայն, ի վիճակի չէ կատարել` չգիտակցելով անգամ, այս ծառայի նման, թե ինչ ահռելի և անհատուցելի է նրա պարտքն Աստծուն: Բարի թագավորը լավ գիտեր, որ ծառան չունի և չի էլ ունենա իր պարտքը մարելու կարողություն, և վճարման ժամկետը հետաձգելու փոխարեն շնորհում է նրան ամբողջ պարտքը: Այսպես և Աստված, Իր անպատմելի գթությամբ և մարդկանց հանդեպ ունեցած սիրով, ներում է բոլորի մեղքերը, երբ աղաչում են Նրան, նույնիսկ խնդրածից ավելին է տալիս:

Երբ Ներում և ողորմություն գտած ծառան դուրս է ելնում թագավորի մոտից, գտնում է իր ընկերոջը, որը պարտք էր նրան մի չնչին գումար, և սպառնալով պահանջում, որ վճարի: Այս համեմատությամբ Տերն առակի մեջ ցանկանում է ցույց տալ, թե ինչ չնչին են, ըստ էության, միմյանց դեմ գործած մարդկանց մեղքերը, եթե համեմատենք այն մեղքերի հետ, որոնցով մարդիկ վիրավորում են Աստծուն: Ծառան դուրս ելավ, քանզի թագավորի ներկայությամբ նման քայլ չէր համարձակվի անել: Այդպես էլ Աստծո մեջ բնակվողներն անգութ չեն լինում, այլ միայն նրանք, ովքեր հեռանում են Աստծուց` Նրա սիրուց օտարանալով: Եվ նա, ում շատը ներվեց (տասը հազար քանքար), ոչ միայն չի ներում անհամեմատ քիչը (հարյուր դահեկան), այլ նաև չի էլ համաձայնվում համբերել, թեև ծառայակիցն աղաչում է նրան նույն խոսքերով. «Համբերո´ղ եղիր իմ հանդեպ, և բոլորը կվճարեմ քեզ»:

Ընկերներն, ովքեր տեսան այս ամենն ու պատմեցին թագավորին, ինչպես Ս. Հովհան Ոսկեբերանն է մեկնաբանում, Պահապան Հրեշտակներն են, նրանք խորը վշտով դիտում են մեր` միմյանց նկատմամբ դրսևորած դաժանությունն ու անգթությունը և, նեղյալների համար աղերսելով, նրանց աղոթքներն Աստծուն հասցնելով` վկայում անաչառ Դատավորի առաջ վիրավորանքի մասին: Ահեղ Դատաստանի օրը բոլոր անգութ ու անողորմ մարդիկ պիտի արժանանան Աստծո բարկությանը և մատնվեն դահիճներին` առանց փրկվելու հնարավորության, ինչպես անհնար է բանտարկված պարտապանի համար վճարել տասը հազար քանքարը: Առակի իմաստը շատ պարզ է, եթե ցանկանում ենք Աստծուց ներում ստանալ, պետք է միմյանց ներենք, որպեսզի համարձակվենք աղոթել՝ ասելով. «և ներիր մեզ մեր հանցանքները, ինչպես որ մենք ենք ներում նրանց, որ հանցանք են գործում մեր դեմ» (Մատթ. 6:12), «քանի որ անողորմ դատաստան է լինելու նրա հանդեպ, ով ողորմած չի եղել» (Հակոբ. 2:13):

(Ըստ Մեֆոդի եպիսկոպոսի «Սուրբ հայրերի` Մատթեոսի Ավետարանի մեկնությունը» աշխատության և Ս. Հովհան Ոսկեբերանի քարոզների):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս