Իսպանիայում առաջարկել են վճար գանձել խանութներում հագուստը փորձելու համար
Կաստիլիա-ի-Լեոն ինքնավար հանրակցության իշխանությունները ոչ մեծ խանութների սեփականատերերին առաջարկել են գնորդներից վճար գանձել իրենց չափսափորձման բաժիններից օգտվելու հնարավորության համար: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները:
Նրանց տեղեկությունների համաձայն, այս գաղափարն առաջ է քաշել տարածաշրջանի կառավարությանն առընթեր տնտեսության եւ ֆինանսների հարցերով կին խորհրդական Պիլար դել Օլմոն:
Ինչպես կարծում է պաշտոնյան, բազմաթիվ հաճախորդներ առեւտրական փոքր հաստատություններում հագուստը կամ կոշիկը փորձելու հնարավորությունից օգտվում են, որպեսզի հետո իրենց հավանած ապրանքը գնեն Համացանցի միջոցով:
«Մարդիկ հետո հագուստը գնում են խոշոր ընկերություններից, որոնք առեւտուր են անում Համացանցի միջոցով»,-ասել է նա: Դել Օլմոյի կարծիքով, եկել է «նորարարական առաջարկությունների» ժամանակը՝ ուղղված փոքր ձեռնարկություններին աջակցելուն: «Քաղաքներում, արվարձաններում եւ, իհարկե, գյուղերում առեւտրի գոյությունը Իսպանիայի տարբերիչ գիծն է, եւ գոյատեւելու միակ միջոցը նորարարական գաղափարներն են»,-համոզված է դել Օլմոն:
Ինքնավարության տնտեսության եւ ֆինանսների հարցերով խորհրդականի այդ առաջարկությունը զայրացրել է տարածաշրջանի ընդդիմությանը եւ քննադատության է ենթարկվել նրա կողմից: Քաղաքական գործիչն ինքը որպես իր արդարացում հայտարարել է, թե ընդամենը գաղափար է ներկայացրել եւ իրականում ցանկանում էր բանավեճի առարկա դարձնել այդ հարցը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: