Փաստահավաք աշխատանքներ Տավուշի սահմանամերձ գյուղերում. կհրապարակվի արտահերթ զեկույց

Քաղաքացիական բնակչության ուղղությամբ գնդակոծությունների կապակցությամբ փաստահավաք աշխատանքներ իրականացնելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբը սեպտեմբերի 21-ին այցելել է ադրբեջանական զինված ուժերի թիրախում գտնվող Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս և Կոթի գյուղեր:

Փաստահավաք խումբն արձանագրել է վնասվածքների բազմաթիվ հետքեր Կոթի գյուղում, ինչպես նաև Բաղանիսի գյուղապետարանի ու դպրոցի պատերին, տանիքներին, քաղաքացիական բնակիչների տների պատերին ու վնասված պատուհաններին: Գյուղի բնակիչներն ու վարչակազմի ներկայացուցիչներն առանձնազրույցների ընթացքում նշել են, որ այդ վնասցածքներն ադրբեջանական զինված ուժերի կողմից գյուղը թիրախային գնդակոծության ենթարկելու հետևանք են (կիրառված են նաև խոշոր տրամաչափի զինատեսակներ): Կրակոցների արդյունքում վնաս է պատճառվել նաև Կոթի գյուղի բնակչի առողջությանը:

Փաստահավաք աշխատանքների ու անհրաժեշտ ուսումնասիրությունների արդյունքներով կկազմվի արտահերթ զեկույց՝ անգլերեն և ֆրանսերեն լեզուներով: Զեկույցը կուղարկվի ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ ՀՀ համապատասխան պետական ու հասարակական իրավապաշտպան կառույցներին:

Սահմանամերձ գյուղերի բնակիչներն Արման Թաթոյանի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել են նաև սոցիալական հարցեր, որոնց լուծման ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության շրջանակում կձեռնարկի անհրաժեշտ քայլեր:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը նախորդ արտահերթ զեկույցներում արձանագրել է, որ գնդակոծությունները Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ունեն համակարգված բնույթ և նպատակն է թիրախային վնաս հասցնել քաղաքացիական բնակչությանը:

Տեսանյութեր

Լրահոս