Լարված իրավիճակ. Վահե Էնֆիաջյանն ու մի քանի երիտասարդներ փորձեցին տապալել «Անկախ դիտորդ» դաշինքի անդամների ասուլիսը

«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ընտրակաշառքի որևէ ապացույց չեն կարողացել ձեռք բերել, բայց չի պնդում, որ ընտրակաշառքի բաժանում տեղի չի ունեցել։

Իոաննիսյանը հայտնեց, որ ունեն հավաստի փաստեր՝ ԲՀԿ-ն ակտիվիստներին վճարել է, որ մասնակցեն իրենց հավաքներին. «Վճարել է անձանց, որ մասնակցեն, օրինակ՝ երեկվա ֆլեշմոբին։ Երեկ եղել են անձինք, որ այդ ֆլեշ մոբին մասնակցել են միայն նրա համար, որ իրենց գումար է վճարվել, և դրա ապացույցը ունենք։ Եթե անգամ սա ընտրակաշառքի կամ բերգործության արգելքի խախտման տակ չի ընկնում, սա ընկնում է հարկային օրենսդրության խախտման տակ։ Եթե մարդը վճարում է, դա պետք է արվի պայմանագրով, դրա համար պետք է եկամտահարկ վճարվի»։

Նրա խոսքով՝ ԲՀԿ ներկայացուցիչները, որոնք իմացել են, որ նման բացահայտում են անում, սպառնում են այն մարդկանց, ովքեր հայտնել են այդ մասին. «Նրանց սպառնում են, որ դատարանի առջև կհայտնվեն, ինչն անընդունելի է ու խիստ մտահոգիչ, որ ազդարարներին սպառնում են»։

Ասուլիսի ընթացքում սրահ մտավ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ավագանու թեկնածու Վահե Էնֆիաջյանը և տիրեց լարված իրավիճակ։ Նա ցանկացավ մասնակցել ասուլիսին, Դանիել Իոաննիսյանն էլ առաջարկեց իրենց ասուլիսից հետո նման կամ այլ ֆորմատով մասնակցել բանավեճի։

«Սա բանավեճ կդառնա, թե ոչ, թող մեզ դիտողները որոշեն»,- ասաց Էնֆիաջյանը՝ ընդգծելով, որ հրապարակվածն ամբողջությամբ ապատեղեկատվություն է։

«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Արթուր Սաքունցն էլ նկատեց. «Ճի՞շտ կլինի, որ ես էլ գամ ու ձեր ասուլիսն ընդհատեմ»։

Էնֆիաջյանն էլ ասաց, որ ասուլիսն ամբողջությամբ կապված է իրենց քաղաքական ուժի հետ և պետք է միջամտեն։

Էնֆիաջյանի հետ ներս մտած անձանցից մեկն էլ պահանջեց հարգանք ցուցաբերել։

«Դու ո՞վ ես, որ ինձ հարգանք ես սովորեցնում»,- արձագանքեց Դանիել Իոաննիսյանը։

Այնուհետև ԲՀԿ-ականներն սկսեցին աղմկել, հնչեցին վիրավորանքներ, Սաքունցն էլ նշեց, որ պատասխան են տալու դրա համար։

Որոշ ժամանակ տևած վեճից հետո ԲՀԿ-ականները դուրս եկան սրահից։

Սաքունցը նկատեց՝ խոսքի ազատության ցանկացած սահմանափակում անթույլատրելի է, հատկապես՝ ԱԺ պատգամավորի կողմից. «Կարող են տվյալները կեղծ համարել, բայց դրա համար համապատասխան ընթացակարգ կա։ Մենք, իհարկե, տուրք չենք տա այդ ոճին, կշարունակենք մեր ասուլիսը»։

Իոաննիսյանն էլ նշեց, որ իրենց հրապարակումը հակաքարոզչություն չէ, որևէ օրենք չեն խախտել։

Տեսանյութեր

Լրահոս