«Չեմ միջամտելու ազգային հավաքականի ֆուտբոլիստների կազմի հետ կապված որևէ հարցի». Արթուր Վանեցյան
Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ ՀՖՖ արտահերթ ժողովը: Բաց քվեարկությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց ԱԱԾ պետ, ՀՖՖ նախագահի միակ թեկնածու Արթուր Վանեցյանը։
Ընտրությունից հետո լրագրողների հետ զրույցում Վանեցյանը խնդրեց բացառապես ֆուտբոլի վերաբերյալ հարցեր ուղղել։ Ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Վանեցյանն ասաց, որ դա անսպասելի էր.
«Մի քիչ անսպասելի էր Վարդան Մինասյանի հրաժարականը, մենք չենք զրուցել, հանդիպել ենք մեկ անգամ և չէի սպասում, որ հրաժարական կտա։ Հաշվի առնելով, որ հրաժարականը եղավ շատ անսպասելի, մենք հիմա ակտիվ պետք է աշխատենք հավաքականի նոր գլխավոր մարզիչ գտնելու ուղղությամբ։ Արդեն իսկ գիշերվանից աշխատանքներն ակտիվ տարվում են, կան մի քանի թեկնածուներ, որոնց անուններն այս պահին չեմ կարող նշել։ Ե՛վ դրսից, և՛ ներսից թեկնածուներ կան, առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում կներկայացվի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր նոր մարզչի թեկնածությունը»։
Վանեցյանը հրաժարվեց գնահատականներ տալ ՀՖՖ նախկին աշխատանքներին, միայն նշեց, որ դրականն ակնհայտ է։
Ինչ վերաբերում է ինչ-ինչ պատճառներով հավաքականից նեղացած ֆուտբոլիստներին նորից հավաքական վերադարձնելու խնդրին, Վանեցյանն ասաց, որ ինքը որևէ կերպ չի միջամտելու հավաքականի ֆուտբոլիստների կազմի հետ կապված որևէ հարցի. «Որ օրը կլսեք, որ ես որևէ կերպ միջամտել եմ հավաքականի ֆուտբոլիստների կազմին, այդ օրը կարող եք ինձ ինչ ուզեք՝ ասեք։ Ես չեմ միջամտելու, ես պահանջելու եմ մարզիչներից, որ ունենանք արդյունքներ։ Եթե մարզիչները որոշեն, որ այս կամ այն ֆուտբոլիստը պետք է խաղա, և կապ չունի՝ այդ ֆուտբոլիստը նախկինում նեղացած է եղել ֆեդերացիայից, թե ոչ, եթե իր պրոֆեսիոնալ հատկանիշները բավարարում են հավաքականում խաղալու, ուրեմն՝ պետք է խաղա»։