Բաժիններ՝

«Մենք փակելու ենք ՀՖՖ-ի և ֆուտբոլային ակումբների թշնամական էջը, ակումբներից պահանջելու ենք միայն մեկ բան…». Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահ

«Վերջին 2 ամսվա ընթացքում իմ թիմի հետ նախանշել եմ Հայաստանում ֆուտբոլի զարգացման ուղիները»,- այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում այս մասին հայտարարեց ՀՖՖ նախագահի միակ թեկնածու, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը՝ ընդգծելով, որ ֆուտբոլին պետք է մոտենալ՝ որպես սոցիալական նախագծի։

«Ֆուտբոլն իր բոլոր մակարդակներում պետք է վերջապես դուրս գա Երևանից ու գնա մարզեր։ Դա պետք է լինի ամենօրյա աշխատանք, այս ամենը պետք է սկսվի ֆունդամենտից՝ սիրողական և մասսայական ֆուտբոլից։ Մեր տեսլականն է՝ ֆուտբոլ խաղալու համար անվճար վայրեր ստեղծել Հայաստանի բոլոր վայրերում, բոլոր ցանկացողների համար։ Սա բարդ և ֆինանսական ծախսերի հետ կապված խնդիր է, բայց քայլ առ քայլ շարժվելու ենք դեպի այդ նպատակը»,- ասաց Վանեցյանը։

Նրա խոսքով՝ այդ դեպքում ֆուտբոլ խաղացողների քանակը կբերի ֆուտբոլի որակի բարձրացմանը. «Գործադիր կոմիտեն պետք է ներառի ինչպես ֆուտբոլային հանրության, այնպես էլ Հայաստանի հասարակության լայն շերտերը։ Մենք փակելու ենք ՀՖՖ-ի և ֆուտբոլային ակումբների թշնամական էջը, ակումբներից պահանջելու ենք միայն մեկ բան՝ հետևել արդար ֆուտբոլի կանոններին և չխախտել ՀՀ օրենսդրությունը։ Այդ դեպքում ՀՖՖ-ն իր բոլոր ինստիտուցիոնալ հնարավորություններով լինելու է ակումբների կողքին։

Դժվար է լինելու փոխել այն կարծրատիպը, որ ձևավորվել է տարիներ շարունակ և ՀՖՖ աշխատանքը գնահատվել է բացառապես մեր ազգային հավաքականի և ակումբների ցուցադրած արդյունքներով։ Իհարկե, դա կարևոր է, բայց պետք է հասկանանք, որ Ազգային հավաքականը ֆուտբոլային այսբերգի գագաթն է, իսկ հիմքը մասսայական ֆուտբոլն է։ Այս առումով հանդիպումներ եմ ունեցել մասնագետների հետ թե՛ Հայաստանում, թե՛ Եվրոպայում, որտեղ, ի դեպ, գաղտնալսվել եմ։ Զարգացման ճանապարհը մեկն է՝ ոչ թե ամեն անգամ միլիոններ ծախսել գլխավոր թիմի համար, այլ ստեղծել մի համակարգ, որը կօգնի աճել թե՛ սեփական մարզիչներին, թե՛ ֆուտբոլիստներին»։

Վանեցյանն ընգդծեց՝ Ազգային հավաքականն էլ միշտ լինելու է ուշադրության կենտրոնում, բայց առաջնահերթությունը համակարգ ստեղծելն է։ Նա նշեց, որ լուրջ ուշադրություն են դարձնելու կանանց ֆուտբոլի զարգացմանը, սպորտային բժշկությանը։

«Վստահեցնում եմ՝ աշխատելու ենք թափանցիկ, ՀՖՖ-ն բաց է լինելու բոլոր առաջարկների համար»,- եզրափակեց նա։

Այնուհետև, բաց քվեարկությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս