Բաժիններ՝

ԱՄՆ-ի Գերագույն դատարանի դատավորի նշանակման պատմությունը. այսօր ու 27 տարի առաջ

ԱՄՆ-ի Սենատը պատրաստվում է ավարտին հասցնել Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում Բրեթ Քավանոյի թեկնածության շուրջ քննարկումները: Սակայն Քրիստին Ֆորդի ներկայացրած մեղադրանքները հարցականի տակ են դնում ընթացքը ու հիշեցնում երեք տասնամյակ առաջ տեղի ունեցած նմանատիպ մի պատմություն: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

27 տարի առաջ իրավաբանության դասախոս Անիտա Հիլը հայտնվեց ամերիկացիների ուշադրության կենտրոնում, երբ Սենատի դատական հարցերով հանձնաժողովում հայտարարեց, որ ինքն ավելի վաղ սեռական բռնության է ենթարկվել Գերագույն դատարանի դատավորի թեկնածու Քլարենս Թոմասի կողմից:

Քլարենսը, որը մեղադրանքը սեւամորթ ամերիկացու նկատմամբ քաղաքական լինչի դատաստանի փորձ էր անվանել, ի վերջո հաստատվեց դատավորի պաշտոնում: Եվ մեծաթիվ կանայք համոզվեցին, որ միայն տղամարդ կոնգրեսականներ ունեցող այս հանձնաժողովում Հիլին ցուցաբերվել է արհամարական վերաբերմունք:

Դրանից մոտավորապես երեք տասնամյակ անց պատմությունը կրկնվում է, երբ մեծ թվով կանայք այսօր տեղեկացնում են նախկինում իրենց նկատմամբ իրականացված բռնությունների ու սեռական անարգանքի մասին:

Եվ հիմա, հենվելով իր իսկ փորձի վրա, Հիլն այսօր հորդորում է Սենատին մանրազննին կերպով ուսումնասիրել դատավոր Բրեթ Քավանոյի դեմ Քրիստին Ֆորդի ներկայացրած մեղադրանքները:

‘’Մենք խոսում ենք մեկի մասին, ում այս պաշտոնը հանձնում են ցմահ, պաշտոնյա, ում կայացրած որոշումները կարող են տասնամյակներ շարունակ իրենց դերն ունենալ ամերիկացիների վրա’’, ասում է նա:

Հանրապետական կոնգրեսականներն ուզում են լսել եւ Ֆորդին եւ Քավանոյին: Սակայն նաեւ զգում են դեմոկրատների կողմից քաղաքական դավադրության հոտ: Ինչպես հանրապետականների ղեկավար սենատոր Միթչ Մաքքոնելն է ասում, ‘’Դատական հարցերով հանձնաժողովի դեմոկրատ անդամը նման հարց է բարձրացնում հենց այս պահին, ինչը թույլ է տալիս հավատալ, որ նպատակն այս գործընթացը դանդաղեցնելն է’’:

Եվ Քավանոյի հարցով սկսված ճակատամարտը եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպես է բեւեռացված քաղաքականությունը կաթվածահար անում Վաշինգտոնը:

Իսկ քանի դեռ բաժանված Սենատը պատրաստվում է վերջնական որոշում կայացնել Բրեթ Քավանոյի հարցով, ամերիկացիներից շատերի մոտ է այն տպավորությունը ստեղծվում, որ այս նույն ներկայացումն իրենք դիտել են նաեւ 27 տարի առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս