Մոսկվա. ԱՄՆ-ը ցանկանում է դուրս մղել ռուսական ռազմաարդյունաբերությունը գլոբալ շուկայից
Մոսկվան քննադատում է ռուսական արտադրության զենքեր ձեռք բերողների նկատմամբ Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների սահմանումը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը փորձում է վերացնել մրցակիցներին զենքերի գլոբալ շուկայում՝ պատժամիջոցներ սահմանելով ռուսական արտադրության զենքեր ձեռք բերող երկրների և ռուսական ռազմական ոլորտի հետ առնչվող անձանց նկատմամբ: Նա թշնամական է որակել դրանք՝ ընդգծելով, որ այս գործողությունները զգալիորեն ազդում են առանց այն էլ լարված ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա:
«Նախ դա անազնիվ մրցակցություն է: Դա փորձ է օգտագործելու ոչ շուկայական միջոցներ, որոնք հակասում են միջազգային առևտրի չափանիշներին ու սկզբունքներին և դուրս մղելու ամերիկյան արտադրողների մրցակիցներին շուկայից: Իսկ դուք տեղյակ եք, որ ռուսական ռազմաարդյունաբերությունը ոչ թե մրցակցային է, այլ չափից դուրս մրցակցային»,- հայտարարել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել չինական ռազմական ոլորտի նկատմամբ՝ Ռուսաստանից ռազմական ինքնաթիռներ և հրթիռային համակարգեր գնելու համար, հակառակ ամերիկյան պատժամիջոցների սահմանմանը ընդդեմ Ռուսաստանի:
Պեսկովը չի մասնավորեցրել նաև, թե ինչպես է Մոսկվան պատրաստվում հակազդել Վաշինգտոնի այս գործողություններին՝ ընդգծելով սակայն, որ Ռուսաստանը կգործի իր շահերից ելնելով: