Լոնդոնում հրապարակվել է Բուքերյան մրցանակի կարճ ցուցակը
Սեպտեմբերի 20-ին Լոնդոնում հրապարակվել է Բուքերյան մրցանակի կարճ ցուցակը, որը շնորհվում է անգլալեզու գրականության բնագավառում: Դրանում տեղ են գտել վեց հեղինակների՝ բրիտանացիներ Աննա Բյոռնսի, Դեյզի Ջոնսոնի եւ Ռոբին Ռոբերտսոնի, ամերիկացիներ Ռեյչել Քուշների եւ Ռիչարդ Փաուերսի ու կանադուհի Էսի Էդուգյանի ստեղծագործությունները: Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Բուքերյան կոմիտեի մամուլի ծառայությունում։
«Վեց մարդուց բաղկացած ցուցակում գերակշռում են կանայք: Այսօր դրանում տեղ են գրավել Աննա Բյոռնսը, Էսի Էդուգյանը, Դեյզի Ջոնսոնը, Ռեյչել Քուշները, ինչպես նաեւ Ռիչարդ Փաուերսը եւ Ռոբին Ռոբերտսոնը»,-տեղեկացրել են կոմիտեում:
Մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի հոկտեմբերի 16-ին: Առաջին անգամ պարգեւի հանձնումը տեղի է ունեցել 1969 թվականին:
Մինչեւ 2013 թվականը Բուքերյան մրցանակը շնորհվում էր այն հեղինակին, որը բնակվում էր Ազգերի համագործակցության երկրներից մեկում, Իռլանդիայում կամ Զիմբաբվեում: Սակայն այնուհետեւ ժյուրին թույլ տվեց, որ մրցանակին հավակնեն այլ երկրների գրողներ այն ստեղծագործությունների համար, որոնք գրվել են անգլերեն լեզվով եւ հրապարակվել Միացյալ Թագավորությունում: