Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի ռեժիսորը կդառնա Քերի Ֆուկունագան
Քերի Ֆուկունագան կդառնա Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի նոր ժապավենի ռեժիսորը: Այդ մասին ասված է ֆրանշիզայի պաշտոնական Twitter-ում: «Ֆիլմի պրոդյուսերներ Մայքլ Ջ.Ուիլսոնը եւ Բարբարա Բրոքոլին, ինչպես նաեւ գլխավոր դերակատար Դենիել Քրեյգն այսօր հայտարարել են, որ «Բոնդ 25»-ի նկարահանումները Pinewood Studios-ում կսկսվեն 2019 թվականի մարտի 4-ին՝ ռեժիսոր Քերի Ֆուկունագայի ղեկավարությամբ. ֆիլմի թողարկումը պլանավորված է 2020 թվականի փետրվարի 14-ին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ պլանավորվում էր, որ ֆիլմը կնկարահանի Դենի Բոյլը, սակայն օգոստոսի վերջին հայտնի դարձավ, որ նա հրաժարվել է դրանից: Ֆուկունագան հայտնի է որպես «Իսկական դետեկտիվ» ամերիկյան սերիալի ռեժիսորներից մեկը:
Ջեյմս Բոնդի արկածների մասին կինոշարքի առաջին ֆիլմը՝ «Դոկտոր Նոու» անվանմամբ, էկրան է բարձրացել 1962 թվականին: Մինչ այժմ բոնդապատումի վերջին սերիան՝ ռեժիսոր Սեմ Մենդեսի «007. ՍՊԵԿՏՐ»-ը (2015 թ.), համաշխարհային վարձույթում վաստակել է ավելի քան 880 մլն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: