ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ իրականացնելու նպատակով Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում է
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 21-ին աշխատակազմի հետ այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր՝ քաղաքացիական բնակավայրերի գնդակոծության հետ կապված փաստահավաք աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Արման Թաթոյանը «Ֆեյսբուք»-ում, մասնավորապես, գրել է.
«Խորհրդանշական այս օրն աշխատակազմիս հետ անցկացնելու ենք Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում՝ քաղաքացիական բնակավայրերի գնդակոծության հետ կապված փաստահավաք աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Այս փաստը պետք է դառնա քննարկման առարկա մարդու իրավունքների ոլորտի միջազգային ատյաններում։ Խաղաղասեր քաղաքացիական մարդու կյանքն ու առողջությունը պետք է լինեն լիարժեք պաշտպանված»:
Վերջին մի քանի օրերին ադրբեջանական զինված ուժերի կողմից դարձյալ գնդակոծվել են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տրամադրված տվյալները վկայում են, որ Բաղանիս գյուղում կրակոցներն արձակվել են գյուղի դպրոցի, քաղաքացիական տների ու գյուղ տանող ավտոճանապարհի ուղղությամբ: