«1000 դրամների» հիմնադրամն աստիճանաբար կտարածվի նաև ավելի վաղ տարիներին եղած դեպքերի վրա. Նիկոլ Փաշինյան
«Եռաբլուր» պանթեոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց զոհված ազատամարտիկների մայրերին: Դիմելով վարչապետին՝ նրանք նշեցին, որ «1000 դրամների» հիմնադրամը գործում է միայն 2015 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի ժամանակ զոհվածների ընտանիքների համար:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երբ այդ օրենքն ընդունվել է, որոշվել է, որ աշխատող մարդիկ ամսական 1000 դրամ են վճարում հիմնադրամին: «Ի սկզբանե նախատեսված էր, որ այդ հիմնադրամից գումարների վճարումը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի վրա:
Ես հանձնարարեցի, որ ստուգեն հիմնադրամում այս պահին ունեցած գումարները և տեսնեն՝ հնարավոր է արդյոք մեկ տարի հետ գնալ և 2017-ի հունվարի 1-ը դարձնել 2016 թվականի հունվարի 1: Ինձ ասացին, որ հնարավոր է դարձնել անգամ 2015 թվականի հունվարի 1: Հիմա օրենքը գործում է 2015-ի հունվարի 1-ից հետո եղած դեպքերի համար:
Խնդիրը միայն նշանակելը չէ, խնդիրն այն է, որ պետք է շարունակել տալ այդ գումարները: Եթե մենք ասենք բոլորին տալիս ենք, բայց չկարողանաք տալ, դա ավելի վիրավորական է: Մենք հիմա ինչ ենք ասում, մենք ասում ենք՝ որքան այդ ֆոնդում գումար հավաքվեց, կամաց-կամաց հետ ենք գնալու՝ դեպի 2014 թվական և այդպես շարունակ: Երբ այդ օրենքը չէր տարածվում 2015-2016 թվականների վրա, ավելի շատ մարդիկ էին իրենց վիրավորված զգում: Մենք հիմա քայլ-քայլ գնում ենք»,- ասաց վարչապետը: