Հարավային Կորեայի նախագահի վարկանիշը 11 կետով աճել է միջկորեական գագաթնաժողովի ֆոնին
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի ժողովրդականության վարկանիշը կտրուկ աճել է ԿԺԴՀ կատարած նրա ուղեւորությունից եւ այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ կայացած գագաթնաժողովից հետո: Այդ մասին հայտնել է Gallup Korea սոցիոլոգիական գործակալությունը:
Նրա տվյալներով՝ տնտեսական խնդիրների ֆոնին Հարավային Կորեայի ղեկավարի՝ կայունորեն ընկնող վարկանիշն այս շաբաթ աճել է 11 տոկոսային կետով՝ կազմելով 61 տոկոս: Գործակալության փորձագետների կարծիքով, ժողովրդականության կտրուկ աճը պայմանավորված է միջկորեական գագաթնաժողովի հաջող անցկացմամբ:
Հարցումը կատարվել է սեպտեմբերի 18-ից մինչեւ 20-ն ընկած ժամանակահատվածում, դրան մասնակցել են Հարավային Կորեայի հազարից ավելի չափահաս քաղաքացիներ: Մեկ շաբաթ ավելի վաղ Մուն Չժե Ինի վարկանիշը նրա նախագահության ընթացքում առաջին անգամ ցած էր իջել 50 տոկոսից: Քաղաքացիների դժգոհության հիմնական պատճառները դարձել էին տնտեսական լճացումը, աճող գործազրկությունը եւ բնակարանների գները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: