Իրանն սպառնացել է վետո դնել ՕՊԷՔ-ի որոշման վրա, եթե այն սպառնա իր շահերին
Թեհրանը մտադիր է Ալժիրի նիստում վետո դնել ՕՊԷՔ-ի ցանկացած որոշման վրա, եթե այն սպառնա Իրանի շահերին: Այդ մասին սեպտեմբերի 21-ին հայտարարել է երկրի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն:
«Անկասկած, ես վետո կդնեմ ցանկացած որոշման վրա, որը կսպառնա Իրանի ազգային շահերին,- գերատեսչության ղեկավարի խոսքը մեջբերել է Tasnim գործակալությունը:- Վետոն նշանակում է, որ այդ որոշումը օրինական չի համարվելու»:
Նախօրյակին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում ՕՊԷՔ-ից պահանջել է իջեցնել նավթի գները ՕՊԷՔ+ մոնիթորինգային կոմիտեի՝ Ալժիրում կայանալիք նիստի նախաշեմին:
«Մենք պաշտպանում ենք Մերձավոր Արեւելքի երկրներին, նրանք անվտանգության մեջ երկար չէին լինի առանց մեզ, եւ, այդուհանդերձ, նրանք շարունակում են պնդել, որ նավթի գինն ավելի ու ավելի բարձր լինի: ՕՊԷՔ-ի մոնոպոլիան հենց այժմ պետք է իջեցնի գները»,-գրել է նա:
Նավթի գնանշումները կայունացել են 2017 թվականին ՕՊԷՔ+-ի համաձայնագրի գործողության սկսվելուց հետո, որը թույլ տվեց նվազեցնել առաջարկը շուկայում: Այս տարվա գարնանը անկայունությունը մեծացավ Իրանի` ՕՊԷՔ-ում նավթի երրորդ արտադրողի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ Թրամփի արած հայտարարությունից հետո:
Մոնիթորինգային կոմիտեի նիստն Ալժիրում կկայանա սեպտեմբերի 23-ին: Կոմիտեն կարող է համաձայնագրի անդամներին հանձնարարել՝ անհրաժեշտ որոշումներ ընդունել շուկայի հավասարակշռման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: