Նախարարները դիմել են Նիկոլ Փաշինյանին՝ նոր կառույց ստեղծելու խնդրանքով. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արդեն չորս ամիս է՝ նախարարությունները փաստացի իրենց գործունեությանը զուգահեռ պարտադրված են ուսումնասիրել եւ բացահայտել իրենց ոլորտներում, նախարարություններում ու ՊՈԱԿ–ներում կոռուպցիոն սխեմաներն ու բացահայտումներ անել:

Արդյունքում, այս գործի վրա ծախսվում է մարդկային մեծաքանակ ռեսուրս ու էներգիա, ինչի հետեւանքով նախարարությունների բուն գործառույթները հաճախ տուժում են կամ իրականացվում գերմարդկային ճիգերի շնորհիվ:

Ավելին, այդ գործընթացը ոչ միայն բավական աշխատատար է, քանզի այդքան էլ հեշտ չէ միանգամից որեւէ փաստաթղթի նայելով՝ եզրակացություններ անել, այլեւ խիստ մասնագիտական ուսումնասիրության անհրաժեշտություն կա:

Հաշվի առնելով այդ բացահայտումների կարեւորությունը, մեր ունեցած տեղեկություններով, մի քանի նախարարներ դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ստեղծել առանձին մարմին, ուր ներգրավված կլինեն տարբեր ոլորտների մասնագետներ, իրավաբաններ ու հատկապես ֆինանսիստներ:

Այս մարմինը կզբաղվի պետական կառույցներում կոռուպցիոն դրսեւորումների բացահայտմամբ. ընդ որում, խոսքը ոչ միայն նախկին ժամանակաշրջանի մասին է, այլեւ ապագա հնարավոր ռիսկերը ի հայտ բերելու եւ կանխելու»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս