«Անհամբեր սպասում եմ Հայաստանի կառավարության ու ժողովրդի հետ աշխատանքին». Մայք Պոմպեոյի ուղերձը ՀՀ անկախության տոնի կապակցությամբ

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ուրախ եմ Միացյալ Նահանգների կառավարության անունից շնորհավորել հայ ժողովրդին անկախության վերականգման պատմական հանրաքվեի 27-ամյակի կապակցությամբ: Այս տարին հատկապես կարևոր է, քանի որ այն ներկայացնում է նորագույն պատմության մեջ հայկական առաջին պետության հիմնադրման 100-ամյակն ու Հայաստանի ու ԱՄՆ-ի 100-ամյա բարեկամության տարեդարձը:

Այս տարի Հայաստանում տեղի են ունեցել նշանակալի փոփոխություններ: Խաղաղ ժողովրդական շարժումը, որը կառավարություն ձևավորեց, հայոց պատմության նոր ու հետաքրքիր էջ է բացել: Ես անհամբերությամբ սպասում եմ Հայաստանի ժողովրդի ու կառավարության հետ աշխատանքին, քանի որ դուք փորձում եք ստեղծել ամուր ժողովրդավարական ինստիտուտներ, պայքարել կոռուպցիայի դեմ և տնտեսական աճ արձանագրել:

Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը և կողմերին հետևողականորեն կոչ է անում որքան հնարավոր է շուտ վերսկսել ինտենսիվ բանակցությունները: Մենք ակնկալում ենք առաջիկա տարվա ընթացքում ամրապնդել մեր կապերը»:

Տեսանյութեր

Լրահոս