«Ազգային ժողովը չպետք է լինի Փաշինյանի ցանկությունների գերին». Էդուարդ Շարմազանով
Արաբկիր վարչական շրջանում Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների շրջանակներում «Իմ Քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով իրենց թիմի ծրագիրը, կոչով դիմեց ժողովրդին՝ ասելով, որ «Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում մենք պետք է լուծենք համապետական և համազգային խնդիր»: Նա նաև հավելեց, որ «Իմ քայլը դաշինքի օգտին քվեարկելով, դուք քվեարկելու եք ներկայիս խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրությունների օգտին»:
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունների կապակցությամբ 168.am-ը զրուցեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:
– Նիկոլ Փաշինյանն Արաբկիր վարչական շրջանում Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների շրջանակում «Իմ Քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ, ներկայացնելով իրենց թիմի ծրագիրը, կոչով դիմեց ժողովրդին՝ ասելով, որ «Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում մենք պետք է լուծենք համապետական և համազգային խնդիր»: Ավելին, նա կոնկրետ նշեց, որ ««Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկելով, դուք քվեարկելու եք ներկայիս խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրությունների օգտին»: Վարչապետը խնդրում էր երևանցիների մանդատը, որպեսզի կարողանա ՀՀ խորհրդարանական ընտրություններին բանակցել քաղաքական ուժերի հետ: Առաջին անգամ չէ, որ նման կարծիք է հնչեցվում: Ի վերջո, օրակարգում դրվա՞ծ է խորհրդարանական ընտրությունների հարցը:
– Վարչապետ Փաշինյանը, կամ, ավելի ճիշտ, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ակնհայտորեն, իր ցանկությունները շփոթել է Հայաստանում գործող օրենքների և Հայաստանի մայր օրենքի՝ Սահմանադրության հետ: Չկա որևէ օրենք, որը որևէ ՏԻՄ ընտրություն, այդ թվում նաև մայրաքաղաքի ՏԻՄ ընտրությունը դիտարկի որպես համապետական ընտրությունների առաջին ռաունդ. դա աբսուրդ է և անհեթեթություն: Երևանի ընտրությունները բացառապես ՏԻՄ ընտրություններ են, և ընտրելու են Երևանի ավագանի, որը պետք է ՏԻՄ օրենքով իրեն տրված լիազորությունների շրջանակներում իրականացնի աշխատանքները: Եվ Փաշինյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան էժան պոպուլիզմ, որը չի կարող որևէ լուրջ քննարկման առիթ հանդիսանալ: Ինչո՞ւ: Որովհետև չեն կարող մեր երկրում և որևէ ժողովրդավարական երկրում ՏԻՄ ընտրության արդյունքները դիտարկվել որպես համապետական ընտրությունների առաջին փուլ: Սա ծիծաղելի է: Հայաստանի Հանրապետությունում կա օրենք և կա Սահամանադրություն: Եվ եթե Փաշինյանին և նրա կողմնակիցներին թվում է, որ իրենց ցանկությունը կամ իրենց ծրագրերը օրենքից վեր են, ապա իրենք չարաչար սխալվում են: Ես չեմ պատրաստվում՝ որպես ԱԺ նախագահության անդամ, Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել իր ցանկությունները, զուտ նրա համար, որ ինքն այդպես է ցանկանում: ՀՀ Ազգային ժողովը ընտրվել է օրինական ճանապարհով 2017 թվականին և օրենքով սահմանված կարգով պետք է գործի մինչև 2022 թվականը: Եթե ոչ, ապա Սահամանադրությունը տալիս է Ազգային ժողովի լուծարման ճանապարհներ, և յուրաքանչյուրս պարտավոր ենք պաշտպանել ՀՀ Սահամանադրությունը:
Երկրորդ: Մայիսի 8-ին խորհրդարանը Փաշինյանին ընտրել է ոչ թե իր ցանկությունները փորձարկումների ենթարկելու համար՝ մեկ հայտարարի, որ «ընտրական օրենսգիրք ենք փոխում», հետո հայտարարի, որ «Կարգին Հայկոյին ընտրեք, որ գնանք համապետական ընտրությունների»: Իր ցանկությունները ինքը կարող է իր ՔՊ-ում իրականացնել: Մեր պետությունը Փաշինյանի ցանկությունների փորձադաշտ չէ, որ ինքը, երբ նոր իրողություն փոխվի, նոր առաջարկություններով ու ցանկություններով հանդես գա: Հայաստանի Հանրապետությունում բոլոր քաղաքական գործընթացները պետք է ընթանան ոչ թե Փաշինյանի, կամ Կարգին Հայկոյի ցանկությամբ, այլ պետք է ընթանան բացառապես ՀՀ օրենքի և Սահմանադրության շրջանակներում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փաշինյանն ասում է՝ եթե Կարգին Հայկոն հաղթի, ես կսկսեմ բանակցություններ, ուրեմն ասեմ՝ Փաշինյան ջան, ես որպես ԱԺ նախագահության անդամ, որպես ԱԺ փոխնախագահ, ումից դու ակնկալում ես, որ ես քո հետ պետք է քննարկեմ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ես չեմ պատրաստվում քո հետ քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը, որովհետև նման հարցեր քննարկվում են ոչ թե քո կամ քո թիմակիցներից մեկի ցանկությամբ կամ ընտրությունների արդյունքում, այլ քննարկվում են բացառապես օրենքով սահմանված կարգով, որի համար կա Սահմանադրություն: Մի քանի անգամ կրկնել եմ, ևս մեկ անգամ կկրկնեմ՝ մենք քեզ ընտրել ենք ոչ թե քո ցանկությունների իրականացումն ապահովելու համար, այլ երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար: Կարո՞ղ ես, աշխատիր, լուծիր, խորհրդարանը քեզ չի խանգարում: Չե՞ս կարող, ժողովրդին պարզ ասա՝ սիրելի ժողովուրդ, ես չկարողացա աշխատել, ես հեռանում եմ:
– Փաշինյանն ասում է, որ ստանալով երևանցիների մանդատը, կհրավիրի խորհրդարանական բոլոր ուժերին՝ Ազգային ժողովի նախագահության մասնակցությամբ կքննարկեն արտահերթի հարցը: Խմբակցությունների ձևաչափով քննարկումներ եղե՞լ են արդեն:
– Որևէ քննարկում չի եղել, որովհետև Փաշինյանի ցանկությունն աբսուրդ է: Նախ, Երևանի ընտրությունները Երևանի ընտրություններ են: Իսկ վարչապետի կողմից նման հայտարարությունը ոչ քաղաքական, ոչ լուրջ, եթե ուզում եք իմանալ, հակապետական հայտարարություն է: Սրանք ՏԻՄ ընտրություններ են և մարդիկ պետք է ընտրեն Երևանի կառավարչի: Ի՞նչ է նշանակում՝ «ինձ մանդատ տվեք, որ ես գնամ արտահերթ քննարկեմ»: Փաշինյան ջան, բացի երևանցիներից, բա Հայաստանի մնացած 60 տոկոս բնակիչնե՞րը: Այսինքն՝ Հայաստանը մենակ Երևա՞նն է: Կամ ի՞նչ է նշանակում՝ Երևանի ընտրությամբ վստահություն տվեք, որ մենք գնանք քննարկենք: Սա աբսուրդ է: Եվրոպական քաղաքակրթության մեջ Հայաստանը «Ճնդոյի դուքյանը» չի, պարոն Փաշինյան: Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ երկիր է: Երբ հայտարարություն ես անում, մտածիր, նոր խոսա, որպեսզի ո՛չ քեզ, ո՛չ էլ պետությանը խայտառակ իրավիճակի մեջ չդնես:
– Պարոն Շարմազանով, ճի՞շտ է, որ «Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանն այդ հարցը վերջերս փորձել են քննարկել Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:
– Ես չգիտեմ՝ ով ում հետ՝ ինչ է փորձել քննարկել, ես էլ եմ շատ տարբեր հարցերով հանդիպումներ ունեցել և «Ելք»-ի, և ԲՀԿ-ի հետ, բոլոր խմբակցությունների անդամների հետ էլ, և հստակ իմ կարծիքն արտահայտել եմ. Հայաստանում բոլոր գործընթացները պետք է ընթանան օրենքով և Սահմանադրությամբ, այլ ոչ թե ըստ Փաշինյանի քաղաքական նպատակահարմարության: Կրկնում եմ՝ աբսուրդ է, անհեթեթություն է և խայտառակություն է՝ փորձել որևէ ՏԻՄ ընտրություն և դրա արդյունքները կապել ապագա համապետական զարգացումների հետ: Եվ կրկնակի խայտառակություն է, երբ դա անում է երկրի վարչապետը:
– Առհասարակ, ինչո՞վ եք բացատրում արտահերթ Խորհրդարանական ընտրություններ անցկացնելու Փաշինյանի այս շտապողականությունը:
– Դա բացատրում եմ Փաշինյանի պարտվող ֆիասկոյով: Չորս ամիս է անցել և Փաշինյանը որևէ խոստացած բան չի արել: Որևէ գործ չի արել: Նա ձախողվել է բոլոր տեղերում. բացի հանրահավաք կազմակերպելուց որևէ բան չի արել: Փաշինյանը ոչ թե հանրահավաքային գործիչ պետք է լինի, այլ պետք է ժողովրդի մատից փուշ հանող լինի: Կոռուպցիոն բոլոր սկանդալները օդից կախված են, հարցականներ են: Ինչ քրեական գործ բացվում է, տեսնում ենք, որ տակը ջուր է: Փաշինյանը շատ լավ գիտացկում է, որ եթե մի քանի ամիս էլ անցնի, այդ էյֆորիկ տրամադրություններն աստիճանաբար անցնելու են և հանրությունը հասկանալու է, որ Փաշինյանի վարչապետությունն այս ժողովրդի գլխին աղետ էր: Որևէ երկրում վարչապետը չի ընտրվում հանրահավաք անելու ու «ասֆալտին պառկըցնելու» համար: Վարչապետն ընտրվում է որպես գործադիր իշխանություն ոչ թե միտինգ անելու, սրա նրա վրա գոռալու, այլ գործ անելու համար: Չորս ու կես ամիս է՝ վարչապետ է, ի՞նչ է արել: Հարց եմ տալիս՝ մի ներդրող բերե՞լ է: Բա ախպեր, թռիչքային զարգացում, ախպեր, աղքատ մարդ չի լինելու, ի՞նչ է արել Փաշինյանը, բացի սևերի ու սպիտակների բաժանելուց: Սա քաղաքական իմպոտենտների կառավարություն է: Իր կառավարությունը՝ հիմնական մասը, քաղաքական իմպոտենտներ են, որոնք որևէ բան չեն արել բարեփոխումների միջոցով: Ինչ խոստացել են, հակառակն են արել: Եկեղեցու դեմ շարժում է սկսվել, ազգային արժեքների դեմ շարժում է սկսվել, բանակի և ազգային հերոսների հեղինակությունը ընկել է: Ի՞նչ է արել: Առավոտը մի բան է ասում, երեկոյան՝ մեկ այլ բան:
Ի՞նչ արտահերթ խորհրդարանական ընտրություն: Երեկ հայտարարում է՝ «Ո՞վ եք դուք»: Մենք անկախ Հայաստանի խորհրդարանի պատագամավորներն ենք և մենք ենք որոշելու՝ ով ենք մենք, ու ով եք դուք: Կգա ժամանակը, լավ կհասկանաք՝ ով ենք մենք: Ու չփորձես որևէ մեկով մեզ վախեցնել: Հաստատ Էդուարդ Շարմազանովին որևէ մեկով չես կարող շանտաժ անել: Ես հավաստիացնում եմ, որ Ազգային ժողովում կան 53, 55 և ավելի շատ հայրենասեր պատգամավորներ, որոնք առաջնորդվելու են ոչ թե Փաշինյանի քմահաճույքով, այլ առաջնորդվելու են պետության շահի գերակայությամբ: Լավ կաշխատի Փաշինյանը՝ կպաշտպանենք, վատ կաշխատի, կասենք՝ ընկեր ջան, հաջողություն, սա քո տեղը չէր: Գնա, էլի բարձրախոսը վերցրու, միտինգ արա: Ընդդիմադիր լինելը երկրի ղեկավարություն չէ: Այսօր իրեն խորհրդարանը չի խանգարում, չէ՞: Ինչպես կասեր Ջիվանին՝ «Իմ բանջարը քո հանճարին վնաս չէ», պարոն Փաշինյան:
Այսպես ո՞նց կարող է լինել: Գնա աշխատիր: Քեզ բերել են աշխատելու համար: Կանգնում ասում էիք՝ ընտրական օրենսգիրք ենք բարեփոխում: Բա ո՞ւր է բարեփոխված ընտրական օրենսգիրքը: 4 ամիս անցել է: Մեկ ընտրական օրենսգիրք էին բարեփոխում, հիմա՝ ձայն տվեք, որ արտահերթի գնամ… Էլի իրողություն փոխվե՞ց: Հայաստանի անկախ օրենսդիր մարմինը չի կարող լինել Փաշինյանի ցանկությունների գերին, ու որևէ մեկի ցանկությունների գերին: Կա Սահմանադրություն, կա ՀՀ օրենսդրություն և կա, ի վերջո, անկախ պետականության շահերի ու անվտանգության պաշտպանություն: Թող գնա իր խոստացած բարեփոխումներն իրականացնի, այլ ոչ թե մեր վրա մատ թափ տա: Ես կրկնում եմ, եթե ինքը հույս ունի ԱԺ նախագահությանը տեռորի ենթարկել, պետք է ասեմ, որ իր քաղաքական տեռորից վախեցող չկա: Ինչպես այսօր հարցազրույցի ժամանակ ասել եմ՝ ամեն ինչ անցողիկ է՝ պաշտոնն էլ, դիրքն էլ, ընդդիմությունն էլ, իշխանությունն էլ, լեգիտիմությունն էլ, էյֆորիան էլ, զոմբիացումն էլ. ամեն ինչ: Ոչ Լևոն Տեր-Պետրոսյանից է լավ տղա, ոչ Վանո Սիրադեղյանից, ոչ Ռոբերտ Քոչարյանից, ոչ էլ, առավել ևս, Սերժ Սարգսյանից: Ու ինքը այս ամիսների ընթացքում ցույց է տվել, որ Հայաստանի պատմության մեջ ամենաձախողված ղեկավարն է: Ամենաձախողվածը, որը բացի ազգը բաժանելուց, բացի սևերի ու սպիտակների բաժանելուց, բացի հայհոյելուց, բացի շանտաժ անելուց այլ բան ի զորու չէ անել:
– Փաշինյանը և նրա թիմակիցները բազմիցս զգուշացրել, սպառնացել են, որ եթե Խորհրդարանական ուժերը չհամաձայնեն արտահերթ ընտրություններին, ապա ժողովրդի, նոր հեղափոխության ուժով կպարտադրեն: Որքանո՞վ է դա հնարավոր և արդյո՞ք սա բախումնային իրավիճակի չի հանգեցնի:
– Նոր հոկտեմբերի 27-երով է վախեցնո՞ւմ Փաշինյանն Ազգային ժողովին, Մարտի 1-ո՞վ: Նոր ահաբեկչություն է պատրաստո՞ւմ: Հարց եմ տալիս՝ նոր Նաիրի Հունանյաննե՞ր, թե՞ նոր «Սասնա Ծռեր» է բերելու մեր դեմ: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ Ազգային ժողովի պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով և քվեարկում է իր խղճի համոզմունքին համապատասխան: Հիմա ԱԺ-ում 105 պատգամավոր է և այդ 105-ից յուրաքանչյուրը պետք է քվեարկի իր խղճին ու համոզմունքին համապատասխան: Եվ մեկը ես, այդ քվեարկության օրը, կոչ եմ անելու բոլոր եվրոպական դեսպանատներին, բոլոր միջազգային ներկայացուցչություններին, բոլոր միջազգային կառույցներին, իմ ընտանիքի անդամներին, իմ կողմնակիցներին, որպեսզի բոլորը գան Ազգային ժողով: Թե՞ գիտի՝ միայն ինքը կողմնակից ունի: Չարաչար սխալվում է: Եթե այն ժամանակ բախումների չգնացինք, մենք էինք իշխանություն և մենք չգնացինք դրան: Եթե Փաշինյանին թվում է՝ մենք 50, 100 կամ 500 հազար մարդ չենք կարող հավաքել, ապա նա սխալվում է:
Մենք չենք ուզում ժողովրդին իրար դեմ հանել, դա սխալ է: Բայց եթե ինքը պետք է Խորհրդարանի վրա մարդ բերի, ես առաջինը դիվանագետներին, ԱՄՆ-ի և Եվրամիության դեսպաններին կոչ եմ անելու, պահանջելու եմ, որ գան, կանգնեն ԱԺ-ի դիմաց, որ գան որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկրի պատգամավոր, ապահովեն իմ քվեարկության ազատությունը: Ու նաև իր կողմից նշանակված ոստիկանությանը կդիմեմ՝ պետք է գան ու պարտավոր են Ազգային ժողովի պատգամավորի իրավունքները պաշտպանել: Տեսնեմ ի՞նչ եք անելու: Ի՞նչ եք անելու, գյուլլելո՞ւ եք: Դավիթ թագավորն ասում էր. «Եթե Աստված իմ հետ է, մարդն ինձ ի՞նչ կարող է անել»: 100 հատ Փաշինյան լինի, ես իմ կարծիքը չեմ փոխի:
Երկրորդը: Ոչ Փաշինյանը, ոչ որևէ մեկը մեր երկրում, չի կարող 3 մլն ժողովրդի անունից խոսել: Եթե իրեն թվում է, որ միայն ինքն ունի կողմնակիցներ, հեսա ընտրություններին կտեսնենք՝ քանի կողմնակից ունի: Կտեսնենք: Եթե իրեն լսենք, պետք է 100 տոկոսն էլ Կարգին Հայկոն ստանա: Այն դեպքում, որ Հանրապետական կուսակցությունը և շատ այլ ուժեր չեն մասնակցում, շատ մարդիկ էլ ընտրության չեն գնալու: Ու թող իրեն չթվա, որ իր զոմբիական գոռոցներին բոլորը կողմ են: Այդ ագրեսիվ փոքրամասնությունը մի դիր մեր վզին: Հասկացանք: Ես անկախ պատգամավոր եմ, ես օրենքով սահմանված իրավունքներ ունեմ ու քո նման հազար հոգի լինի, ես իմ կարծիքը չեմ փոխի: Ու թող չփորձի այստեղ մեկը շանտաժով հարց լուծել: Ժողովուրդ, ժողովուրդ… Մենակ ինքը ժողովորդ չունի: Եթե կասկածում է, օրը կգա, բարին էլ հետը, կսովորեցնենք, տեսնենք՝ ունե՞նք, թե՞ չունենք: Շուտով ընտրություններին կերևա: Եթե իրեն լսենք, պետք է մնացած 12 թեկնածուներին ջնջենք, ընտրենք միայն իրեն: Հասկացանք, մի քիչ հարգանք պետք է լինի: Կրակը չենք ընկել իր ձեռքը: Ընտրել ենք, որ աշխատի, թող աշխատի, չի կարողանում աշխատել, թող գնա իրենց տուն: Հերիք է, բոլ է: Ու կրկնում եմ. ժամանակը կգա, կտեսնենք:
Մեկը Սահամանդրություն խախտեց, ինձանից թող չնեղանա: Սահմանադրությունը որևէ մեկը չի կարող խախտել: Ես կրկնում եմ. պատգամավորներն են որոշելու՝ ինչպես քվեարկել: Եթե ինչ-որ պատգամավորի վրա ճնշում եղավ, Փաշինյանի կառավարությունը լինելու է պատասխանատու: Կրկնում եմ՝ նոր Նաիրի Հունանյաններով ու Սասնա Ծռերո՞վ է վախեցնում մեզ, Մարտի 1-ո՞վ: Ումո՞վ է վախեցնում: Ես ընտրված պատգամավոր եմ, կա ընտրված Ազգային ժողով, որի յուրաքանչյուր պատգամավոր իր խղճին համապատասխան քվեարկում է: Իր ի՞նչ գործն է՝ ես ոնց եմ քվեարկելու: Դե կներեք էլի: Ինքը որ ժամանակին ընդդիմություն էր, երբ քվեարկում էր, Սերժ Սարգսյանի հե՞տ էր ճշտում, թե՞ Ռոբերտ Քոչարյանի, թե՞ Լևոն Տեր-Պետրոսյանի: Ո՞րի հետ էր ճշտում: Կամ ո՞վ էր իրեն ճնշում՝ ինքը ոնց քվեարկի:
Եթե Նիկոլ Փաշինյանին թվում է՝ ինքն ավելի ազատ է, քան Էդուարդ Շարմազանովը, ուրեմն հաստատ այս կյանքում շատ բան չի հասկանում: Ցանկացած ճնշում, ցանկացած շանտաժ, օրենքով սահմանված կարգով համապատասխան պատասխան է ստանալու: Ժամանակը կգա՝ կտեսնենք, Եվրամիության դեսպանը, Միացյալ Նահանգերի դեսպանը, միջազգային կառույցների ներկայացուցիչներն իրո՞ք Հայաստանում խոսքի ազատության կողմնակից են, թե՞ ընդամենը քամի անողներ են իրենց շահերի համար: Ազգային ժողովի ընտրությունները նույն Միացյալ Նահանգները, Եվրամիության անդամ երկրները, Եվրամիության դեսպանն են ընդունել որպես օրինական ու արդյունքները որևէ մեկը չի վիճարկել: Իրենք իրենց հայտարարությունները թող նայեն: Ուրեմն պարտավոր են պաշտպանել նաև այդ Ազգային ժողովի յուրաքանչյուր պատգամավորի խղճով և համոզմունքով արդար քվեարկության իրավունքը: Իմ վրա չի ազդելու ոչ մի բան: Բայց թող որևէ մեկը չփորձի իմ գործընկերներից որևէ մեկի քվեարկության վրա ազդեցություն ունենալ: Փաշինյանը, որ կանգնում ասում է՝ «Ես Ազգային ժողովի պատգամավոր եմ», ուրեմն դու պատգամավոր ես, դու հասկանում ես՝ մանդատը ինչ է, մնացած 104-ը չեն հասկանո՞ւմ: Թե՞ դու վերին արտի ցորենն ես: Չի լինելու այդպես: Ոնց պետության շահը կպահանջի, այդպես էլ կանենք: Մինչև հիմա առաջնորդվել ենք պետության շահով, սրանից հետո էլ առաջնորդվելու ենք պետության շահով: Ոնց Հայաստանի շահն ու Արցախի անվտանգությունը կպահանջի, այդպես էլ կանենք: Իսկ ինքը, եթե ուզում է, որ ես իրեն պաշտպանեմ, թող գնա լավ աշխատի ու իր ասածներն անի, թող թռիչքային զարգացում ապահովի: Ասում է՝ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են: Թող այնպես անի, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք չվաճառի: Մենք Իսկանդեր ենք բերել, թող հինգ հատ Իսկանդեր էլ ինքը բերի:
Անի Գաբուզյան