«Ակնհայտ է, որ արդարադատության իրականացման խոչընդոտման առերևույթ փաստակազմ առկա է». Արփինե Հովհաննիսյան

Սեպտեմբերի 19-ին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն ասել է, որ իր կարծիքով՝ սկանդալային ձայնագրությունից պարզ է, որ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դատական իշխանության նկատմամբ ճնշում կամ միջամտություն չի եղել։ Հակառակը, նա պնդում է, որ նշված երկու պաշտոնյաները քրեական գործով մտահոգություններ են հայտնել:

Մասնավորապես նա նշել է. «Շատ կարևոր է, թե ինչ գործի ու ինչ անձանց մասին է խոսքը. և Յուրի Խաչատուրովը, և Ռոբերտ Քոչարյանը չափազանց մեծ կարևորություն ունեն, հետևաբար դա հանգեցնում է թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական քննարկման հնարավորության։ Ձայնագրության առերևույթ լսումը հանգեցնում է հետևյալ եզրակացության՝ ԱԱԾ պետը հետաքրքրվում է այդ գործի հիմնավորվածության և օրինականության փաստով։ Իմ կարծիքով, միջամտության մասին խոսք չկա։ Այլ խնդիրը վերաբերում է ԱԱԾ պետի մտահոգվածությանը, թե արդյոք հիմնավոր է ու բավարար չափով ապացուցված, որ այսինչը կամ այնինչը կալանավորվի ու կալանքից բաց թողնվի։ Այսինքն՝ ես այստեղ առերևույթ միջամտության տարրեր չեմ տեսնում։ Նույնը կարելի է ասել վարչապետի մասով»:

Գևորգ Կոստանյանի այս հայտարարությունը 168.am-ը խնդրեց մեկնաբանել ԱԺ փոխնախագահ, քննիչ հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանին:

-Տիկին Հովհաննիսյան, քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը նշել էր, որ ինքը չի տեսնում արդարադատության միջամտության խնդիր: Ինչպե՞ս կմեկնաբանեք Գևորգ Կոստանյանի այս ասածը:

-Իմ կարծիքով, ըստ էության, կոնտեքստից կտրվել են Գևորգ Կոստանյանի բառերը կամ հավանաբար սխալ են հասկացվել: Կարծում եմ, ավելի ճիշտ կլինի, որ պարոն Կոստանյանն ինքն արձագանքի` ինչ է նկատի ունեցել, որովհետև ակնհայտ է, որ արդարադատության իրականացման խոչընդոտման առերևույթ փաստակազմ առկա է, քանի որ ձայնագրության առանձին դրվագներից ակնհայտ է դառնում, որ դատավորից ակնկալվում է խափանման միջոցը կալանավորումն ընտրելու որոշման առկայություն, անգամ եթե այդպիսի հիմքեր չլինեն: Եվ, ըստ էության, քանի որ չկա հարուցված քրեական գործ, այդ հարցը լիովին տեղավորվում է արդարադատության իրականացման խոչընդոտման տիրույթում, ինչի մասին ես հայտարարել էի ավելի վաղ, խորհրդարանի համապատասխան նիստի ընթացքում:

Տեսանյութեր

Լրահոս