Բաժիններ՝

Եվրահանձնաժողովում պատժամիջոցներով են սպառնացել Facebook-ին

Facebook ընկերությանը պատժամիջոցներ են սպասում, եթե նա օգտատերերի անձնական տվյալների վերաբերյալ իր համաձայնագիրը չհամապատասխանացնի Եվրամիության նորմաների հետ: Այդ մասին հայտարարել է արդարադատության հարցերով եվրոկոմիսար Վերա Յուրովան:

«Մենք ակնկալում ենք, որ Facebook-ը կկատարի իր պարտավորությունները եւ մինչեւ դեկտեմբերի վերջը կլրամշակի օգտատերերի վերաբերյալ համաձայնագիրը: Մենք դրա վրա աշխատում ենք ավելի քան երկու տարի, եւ ես սկսում եմ կորցնել համբերությունս: Եթե մենք արդյունք չտեսնենք, կհետեւեն պատժամիջոցներ»,-նախազգուշացրել է նա:

«Facebook-ը կարող է (ԵՄ-ի պետությունների) ազգային կարգավորիչների կողմից պատժամիջոցների ենթարկվել հաջորդ տարվա սկզբից: Պատժամիջոցները կսահմանվեն ԵՄ-ում կոնսուլտացիաներից հետո, եթե Facebook-ը չկատարի իր պարտավորությունները»,-ընդգծել է Յուրովան:

Եվրակոմիսարը, մասնավորապես, նշել է, որ Facebook-ն իրեն իրավունք է վերապահում օգտագործել օգտատերերին վերաբերող տեղեկատվությունը, այդ թվում՝ դրա հեռացումից հետո, ինչը հակասում է անձնական տեղեկատվության պաշտպանության վերաբերյալ ԵՄ-ի նորմերին:

ԵՄ-ն այս տարի գործի է դրել հանրակցության պետությունների քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության նոր կանոնակարգը՝ GDPR-ն, որը պարտավորեցնում է սոցցանցերին եւ ինտերնետ-ծառայությունների մյուս օպերատորներին՝ օգտատերերին լայն հնարավորություններ ընձեռել իրենց անձնական տվյալների օգտագործման հսկողության հարցում, ներառյալ «մոռացության տալու իրավունքը»՝ իրենց տեղեկատվության ամբողջական եւ վերջնական հեռացումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս