Ֆրանսիայում կստեղծվի ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակի թանգարան
Ֆրանսիայում կստեղծվի ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվածների հիշատակի թանգարան: Այդ մասին հայտնել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, ով մասնակցել է ահաբեկչության զոհերի ոգեկոչման արարողությանը, որը հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ կազմակերպվել էր Փարիզի Հաշմանդամների տան տարածքում:
«Ես ցանկանում եմ, որ այդ թանգարանի նախագծումն սկսվի անհապաղ,-ասել է Մակրոնը, որը արարողությանը մասնակցել է իր տիկնոջ՝ Բրիջիտի հետ:-Այդ հուշահամալիրը հարգանքի տուրք կդառնա ահաբեկչական գործողությունների հետեւանքով բոլոր զոհվածներին»:
Հանդիպմանը ներկա են եղել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, ֆրանսիական կառավարության անդամներ, քաղաքացիական հասարակության առաջատար միավորումների ներկայացուցիչներ: Արարողության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակը, ինչից հետո Էմանուել Մակրոնը շփվել է ահաբեկիչների ձեռքով զոհվածների հարազատների հետ:
Ֆրանսիայի նախագահն իր ելույթի ընթացքում նաեւ առաջարկել է սահմանել ահաբեկչության զոհերի հիշատակի ազգային օր: Այդ ամսաթիվը, ինչպես նշել է Մակրոնը, հետագա քննարկումների առարկա կդառնա հասարակական կազմակերպությունների հետ:
Պետության ղեկավարը նաեւ հայտնել Է, որ մինչեւ տարեվերջ պլանավորում է հիմնել հատուկ կենտրոն, որի աշխատակիցները պատասխանատու կլինեն ահաբեկչական գործողությունների հետեւանքով տուժածներին աջակցելու համար, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: