Երեխաների մահվան դեպքերի կեսը բաժին է ընկել Սև Աֆրիկային
Երեխաների մահվան դեպքերի կեսը 2017 թվականին բաժին է ընկել Սեւ Աֆրիկայի տարածաշրջանին: Այդ մասին ասված է զեկույցում, որը պատրաստվել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ), Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), Համաշխարհային բանկի եւ ՄԱԿ-ի ազգաբնակչության բաժանմունքի կողմից։ Փաստաթղթում նշվում է, որ անցյալ տարի աշխարհում մահացել է մինչեւ 15 տարեկան 6,3 մլն երեխա: Նրանցից 5,4 միլիոնը նորածիններ են եւ մինչեւ հինգ տարեկան երեխաներ:
«Եթե մենք շտապ միջոցներ չձեռնարկենք, մինչեւ 2030 թվականը կմահանան 56 մլն մինչեւ 5 տարեկան երեխաներ, ընդ որում նրանց կեսից ավելին կլինեն նորածիններ: 1990 թվականից ի վեր մենք զգալի առաջընթացի ենք հասել երեխաների կյանքը փրկելու գործում, բայց միլիոնավոր երեխաներ շարունակում են մահանալ այն բանի պատճառով, թե որտեղ են նրանք ծնվել եւ ում մոտ: Այնպիսի հասարակ հարցերի լուծումները, ինչպիսիք են՝ դեղորայքի, մաքուր ջրի, էլեկտրականության եւ պատվաստանյութերի հասանելիությունը, կարող են փոխել յուրաքանչյուր երեխայի կյանքը»,-մեկնաբանելով զեկույցը՝ հայտարարել է ՅՈւՆԻՍԵՖ-ի հետազոտությունների գծով ստորաբաժանման տնօրեն Լոուրենս Շանդին:
Զեկույցում նշվում է, որ 2017 թվականին երեխաների մահվան դեպքերի կեսը բաժին է ընկել Սեւ Աֆրիկային, որտեղ յուրաքանչյուր 13-րդ երեխան չի հասել մինչեւ իր հինգերորդ ծննդյան օրը: Մահերի եւս 30 տոկոսը բաժին է ընկնում Հարավային Ասիայի երկրներին: Ընդ որում՝ մահվան դեպքերի մեծամասնությունը կարելի էր կանխել, քանի որ երեխաները մահացել են այն բարդացումներից, որոնք ստացել են ծննդաբերության ժամանակ, թոքաբորբի, դիարեայի, մալարիայի եւ նորածինների վարակների հետեւանքով: Ավելի բարձր տարիքի երեխաները, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, հիմնականում մահանում են տարբեր վերքերի պատճառով, խեղդվում են կամ ընկնում ավտոմեքենաների անիվների տակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: