Իսրայելը Սիրիայի վրա է բարդել ռուսական Իլ-20-ի խոցման պատասխանատվությունը
Իսրայելի պաշտպանության բանակում ափսոսանք են հայտնել, որ Իլ-20 ռուսական ռազմական ինքնաթիռը սիրիական ՀՕՊ-ի համակարգերով խոցվել է Միջերկրական ծովի վրա, բայց նշում են, որ իսրայելական կողմը միջադեպի համար պատասխանատվությունը դնում է Սիրիայի կառավարական ուժերի վրա։
«Իսրայելն ափսոսանք է հայտնում ռուսական ինքնաթիռի անձնակազմի զոհվելու կապակցությամբ, որը խոցվել է ՀՕՊ-ի սիրիական համակարգերի կրակով»,-ասված է իսրայելական բանակի հաղորդագրության մեջ: «Իսրայելն ամբողջությամբ միջադեպի պատասխանատվությունը դնում է Բաշար Ասադի ռեժիմի վրա, որի բանակը խոցել է ռուսական ինքնաթիռը: Իսրայելը նաեւ Իրանին եւ «Հըզբոլլահ»-ին է մեղսակից համարում պատահական միջադեպին»,-նշում է Իսրայելի պաշտպանության բանակը:
Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչները պատրաստ են Ռուսաստանի հետ համագործակցել Միջերկրական ծովի վրա ռուսական Իլ-20-ի խոցման միջադեպի շուրջ եւ պատրաստ են Մոսկվային տրամադրել իրենց ունեցած տեղեկատվությունը: Ռուսական Իլ-20 հետախույզ-ինքնաթիռը լույս սեպտեմբերի 18-ի գիշերը Միջերկրական ծովի վրա խփվել է Սիրիայի ՀՕՊ-ի համակարգով:
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ինքնաթիռը հարվածի տակ են դրել իսրայելական կործանիչները: Միջադեպի հետեւանքով զոհվել է 15 ռուս զինվորական: ՌԴ պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ Իսրայելի գործողությունները գնահատում են որպես թշնամական եւ համարժեք պատասխանի իրավունք են վերապահում իրենց, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: