
Արագած Ախոյանն այցելել է Հայաստանում ձերբակալված Թուրքիայի քաղաքացուն

Շուրջ երկու ամիս Հայաստանում ձերբակալված Թուրքիայի քաղաքացի Ումութ Ալիի հայրը` Մուսթաֆա Օզմենը, հայտնել է, որ իր որդուն բանտում այցելել է ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանը:
Մուստաֆա Օզմենի հավաստմամբ` հայ պատգամավորն ասել է, որ Ումութ Ալիին Թուրքիա է տանելու:
Թուրքական աղբյուրը փոխանցում է, որ Կարսի նահանգապետ Ռահմի Դողանը նույնպես ասել է, որ Ումիթ Ալին վերադառնալու է Թուրքիա: Այս կապակցությամբ իր ընտանիքում ոգևորություն է տիրում:
«Այսօր առավոտյան որդուս հետ եմ խոսել: Հայ պատգամավորը այցելության էր գնացել որդուս, հանդիպել իր հետ և ասել, որ իրեն Թուրքիային է հանձնելու: Շատ ուրախացանք: Սպասում ենք: Դպրոցները բացվել են և պետք է որդիս դպրոց գնա»,- ասել է Մուստաֆա Օզմենը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի քաղաքացի 16-ամյա Ումութ Ալի Օզմենը հուլիսի 24-ին հատել էր հայ-թուրքական սահմանը և կալանավորվել: Նա Թուրքիայի Աքյայայի շրջանի Քյուչուքդուրդուրան գյուղի բնակիչ է:
Ըստ թուրքական մամուլում հայտնված տեղեկությունների՝ Ումութ Ալիի հարցով Թուրքիայի մեջլիսի նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասը դիմել է Հայաստանի իշխանություններին մոտ կանգնած անձանց։
Նշվում է, որ նա խոսել է Հայաստանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար աշխատանքներ իրականացնող «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանի հետ։ Ուրասը հայտնել է, որ «Ախոյանն այցելելու է բանտ՝ տեսակցելու Ումութ Ալիին»։