Լենա Նազարյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ «ասֆալտին փռելու», երկրից ինչ-որ մարդկանց քշելու հայտարարությունների մասին
«Շատ կարևոր է հասկանալ կոնտեքստը, այդ հայտարարություններն արվում են ի պատասխան։ Մենք ունենում ենք տեղեկություններ, որ ընտրակաշառք է բաժանվում, իրավապահ մարմինները պետք է զբաղվեն, որ ճշտեն։ Իրավապահներին փոխանցել ենք տեղեկությունները, որ հայտնել են քաղաքացիները։ Ըստ էության՝ այդ կոշտ հայտարարություններն ուղղված են այն քաղաքական գործիչներին, որոնք գործում են հեղափոխության արժեքներին և օրինականությանը դեմ, որովհետև մենք խոստացել ենք ազատ և արդար ընտրություններ»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ պատասխանելով հարցին, թե Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն «ասֆալտին փռելու», օլիգրախների «նասկիների», երկրից քշելու մասին՝ չեն լարո՞ւմ իրավիճակը։
Ըստ նրա՝ եթե կլինեն մարդիկ, որ ընտրակաշառք են բաժանում, նրանք վտանգում են ընտրությունների օրինականությունը, և պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանան.
«Նաև, այո, քշվեն Հայաստանից՝ փոխաբերական իմաստով, այսինքն՝ չմասնակցեն ընտրություններին, օրենքի շրջանակներում համապատասխան պատասխանատվության ենթարկվեն»։
Հարցին, թե այս իրավիճակը նշանակո՞ւմ է, որ վհուկների որս է իրականացվում, Լ.Նազարյանը հիշեցրեց, թե ինչպես Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ։
Նրա խոսքով՝ դրանք սովորական պայմաններ չէին, դա ինչ-որ առումով պարտադրված էր փողոցի կողմից, քաղաքացիների ճնշմամբ։ Նազարյանի կարծիքով՝ կառավարությունում ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ համագործակցությունը նույնպես պարտադրված է, ոչ թե իրենց ընտրությունն է։ Ինչ վերաբերում է հանրահավաքների ժամանակ Նիկոլ Փաշինյանի տարբեր խոսքերին՝ Լ.Նազարյանը չցանկացավ մեկնաբանել։