«Սա բումերանգի պես պիտի խփի ոչ միայն ձեզ՝ որպես կուսակցության, այլև պետությանը». Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
«Մենք իրականացրեցինք համաժողովրդական պայքար, բայց գործընթացներն այնպես են տարվում, որ դա ասոցիացվում է բացառապես «Քաղաքացիական պայմանագրի» հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության ավագանու թեկնածու Արմեն Մարտիրոսյանը։
«Ես չէի ցանկանա, որ Նիկոլ Փաշինյան՝ համաժողովրդական առաջնորդ, վարչապետ, ոչ միայն ՀՀ-ի, այլև՝ Սփյուռքի, կարգավիճակն իջներ և հասներ կուսակցության լիդերի կարգավիճակին, և այդ ամբողջ պայքարը դառնար ընդամենը կուսակցություն ստեղծելու պայքար»,- ասաց Մարտիրոսյանը։
Դրական փոփոխություններ ունենալու համար, ըստ Մարտիրոսյանի՝ պետք է բազմակուսակցական համակարգ, նաև՝ բազմակուսակցական կառավարման մոդել։
«Ժառանգության» քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն էլ կարծիք հայտնեց, որ ընթացակարգային առումով այս ընտրությունները մեծ առաջընթաց կլինի. «Երևանի քաղաքացին պետք է ունենա իր ընտրած քաղաքապետը և ավագանին։ Թեև հետհեղափոխական վիճակն ակնհայտորեն բերում է նրան, որ կուսակցական և պետական որոշ գործառույթներ խառնվում են իրար, և չենք կարող ասել, որ այս ընտրությունները կլինեն բովանդակային հավասար, հաջորդ անգամ, 4-5 տարի անց կլինի նորմալ միջկուսակցական պայքար։ Բայց «Ժառանգությունը» երբեք չի խորշել պայքարից, և այստեղ ևս կարող էինք և չմասնակցել, բայց այլընտրանք ենք ներկայացնում»։
Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ժամանակին ՀՀՇ-ի նկատմամբ էլ մեծ համակրանք կար, կար էյֆորիա, վստահություն. «Եվ տեսանք, երբ արդեն ՀՀՇ-ն, ինչպես նաև իրենից հետո՝ Հանրապետականը, գնաց շարժումը կուսակցությամբ փոխարինելու ճանապարհով, թե ինչ եղավ տարիների ընթացքում: Ես արդեն՝ որպես ավագ և ավագ թեկնածու, բարեկամաբար մեր բարեկամներին ասում եմ՝ եթե համարում եք մեզ նաև համամասնակից, պարկեշտ համահեղինակ, թիկնապահ, առաջամարտիկ 20 տարի տևած այս հեղափոխության, մենք ասում ենք՝ խնդրում ենք, այս ճանապարհով չգնանք: Որովհետև, եթե այդպես գնացվի, սա բումերանգի պես պիտի խփի ոչ միայն ձեզ՝ որպես կուսակցության, այլև պետությանը: Հուսով ենք, որ այդ ճանապարհը չի շարունակվելու, չի բացառվում, որ կշարունակվի, եթե շարունակվի՝ մենք կլինենք ընդդիմադիր այդ մոտեցման, որովհետև համարում ենք, որ սա ոչ պետական մոտեցում է»։
Հովհաննիսյանի կարծիքով՝ հասկանալի է այդ զգացմունքայնությունը, որովհետև հակահեղափոխության վտանգ կա տարբեր անկյուններից, որոշ տեղեկությունների տիրապետում է վարչապետը. «Մենք զորակցում ենք փոփոխությունները, բայց երբևէ այդ ճշմարտության մենաշնորհը, այդ հեղափոխության, նոր Հայաստանի դափնիները միայն մեկին, միայն մի ցուցակին վերագրելու աշխատաոճը պիտի դառնա անցյալի բան, որովհետև ինչպես ինքը ճշմարտապես ասում է՝ այս հաղթանակը ժողովրդինն է, ոչ մեկը ինձնից, նաև մեզանից չեն կարող խլել մեր մեկ կաթիլ մասնակցությունն այդ ամենին։ Ամեն դեպքում սեպտեմբերի 23-ին ունենալու ենք նոր քաղաքապետ»։