Մասաչուսեթսում գազի պայթյունները մարդու կյանք են խլել, կան տուժածներ
Մեկ մարդ է զոհվել, եւս ավելի քան 10-ը՝ վերքեր ստացել Մասաչուսեթսի տներում գազի պայթյունների հետեւանքով:
Այդ մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Լոուրենս քաղաքի կենտրոնական հիվանդանոցը հայտնել է 13 տուժածների ընդունման մասին, որոնցից մեկն օրհասական վիճակում տեղափոխվել է այլ բուժհաստատություն:
Ինչպես հայտնել է հեռուստաալիքը, 11-ամյա Լեոնել Ռոբսոնը մահացել է Մասաչուսեթսի կենտրոնական հիվանդանոցում: Ավտոմեքենայի վրա, որում նա գտնվում էր, ընկել է պայթյունից պոկված խողովակը:
Սեպտեմբերի 14-ին ոստիկանությունը հայտնել է Բոստոնից հյուսիս ընկած շրջանում գազի արտահոսքի 70 դեպքի մասին: Ենթադրվում է, որ պատճառը դարձել են անսարքությունները Columbia Gas գազի ընկերության ցանցում: Նախօրյակին ընկերությունը հայտնել էր ցանցում կատարվող աշխատանքների մասին:
Լոուրենս, Անդովեր եւ Հյուսիսային Անդովեր քաղաքների բոլոր բնակիչներին, որոնք գազն ստանում են Columbia Gas ընկերությունից, առաջարկել են լքել իրենց տները, չօգտվել էլեկտրասարքերից եւ բջջային հեռախոսներից, որպեսզի հրդեհ չառաջանա: Տեղի էլեկտրական ընկերությունը, որպես նախազգուշական միջոց, հոսանքազրկել է իր ցանցը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: