Պարզաբանում՝ թիվ 5 երթուղու աշխատանքի պարբերականության խաթարման վերաբերյալ
Հարգելի համաքաղաքացիներ,
թիվ 5 ավտոբուսային երթուղու աշխատանքի պարբերականության վերաբերյալ որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող իբր «սաբոտաժ կազմակերպելու» վերաբերյալ տեղեկություններին ի պատասխան հարկ ենք համարում նախ տեղեկացնել, որ համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Երևան քաղաքի վարչական տարածքով անցնող միջմարզային և ներմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների ուղեգծերը համաձայնեցվում են Երևանի քաղաքապետի հետ, իսկ ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի հ.1042-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների կազմակերպման կարգի 14-րդ կետի համաձայն՝ ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացվում են ավտոկայարաններից, ավտոկայաններից և երթակարգավարական կետերից:
Վերջին մի քանի օրերին, խախտելով վերոհիշյալ նորմատիվ իրավական ակտերի պահանջները, «Էջմիածին-Երևան-Էջմիածին» միջմարզային միկրոավտոբուսային հ.203 երթուղում շահագործվող տրանսպորտային միջոցները Կենտրոնական ավտոկայանում սահմանված վերջնակետից անօրինական ձևով շարունակում են ուղևորափոխադրումների իրականացումը՝ հասնելով մինչև մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարան, Աբովյան պուրակ, ինչի արդյունքում խաթարվել է Երևանի ներքաղաքային կանոնավոր փոխադրումներ իրականացնող մի շարք ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների, այդ թվում նաև ավտոբուսային հ.5 երթուղու բնականոն աշխատանքը, որը տեղիք է տվել նաև երթուղիներում աշխատող տրանսպորտային միջոցների վարորդների արդարացի դժգոհությանը:
Տեղեկացնում ենք նաև, որ ներկայումս աշխատանքներ են տարվում հարցը կարգավորելու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարան