
«Սասնա Ծռեր» կուսակցության նախաձեռնող խմբի քարտուղարության հայտարարությունը՝ Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ

«Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբը մնում է այն համոզմունքին, որ շատ ավելի ճիշտ և արդյունավետ կլիներ որևէ ընտրություն, այդ թվում՝ Երևանի ավագանու ընտրությունները, անցկացնել դրանց համար անհրաժեշտ պայմաններ ու նախադրյալներ ստեղծելուց հետո: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել կուսակցությունը:
Հայտարարության մեջ ասվում է. «Այդպիսիք են, առաջին հերթին՝ անկախ դատարանը, բարեփոխված իրավապահ մարմինները, քաղբանտարկյալների և ռազմագերիների բացակայությունը, իրական ընտրողների ցուցակները, նախկին ռեժիմին մաս կազմած կուսակցությունների մասնակցության բացառումը:
Ուստի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ այդ բացը պետք է լրացվի:
Այդուհանդերձ, նկատի ենք առնում, որ Երևանի ավագանու ընտրությունները ոչ միայն իրողություն են, այլև թեժ պայքարի ասպարեզ են դարձել հեղափոխական ուժերի և նախկինում ռեժիմին մաս կազմած կամ այսօր նրա մնացորդների հետ միավորված ուժերի միջև:
Պայքար, որի արդյունքից զգալի չափով պայմանավորված է հեղափոխության վերջնական հաջողությունը:
Այդ պատճառով շատ կարևոր է հեղափոխական ուժերի ջախջախիչ հաղթանակը:
Վերը նշվածի հաշվառմամբ՝ կոչ ենք անում ակտիվ կերպով մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին և քվեարկել հեղափոխական ուժերի օգտին»: