
Եվրախորհրդարանը քվեարկեց Կոսովոյի հետ այցագրային ազատականացման գործընթացն սկսելու օգտին

Եվրախորհրդարանի պատգամավորները պաշտպանել են Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության հետ այցագրային ռեժիմի ազատականացման շուրջ ԵՄ-ի Խորհրդի բանակցությունների գործարկումը: Համապատասխան նախաձեռնությունն աջակցության է արժանացել սեպտեմբերի 13-ին Ստրասբուրգում ԵԽ-ի լիագումար նստաշրջանում կայացած քվեարկության ընթացքում:
Այդ գործընթացն սկսելու օգտին հանդես են եկել 628 խորհրդարանականներից 420-ը, դեմ են արտահայտվել 186-ը: Եվս 22 պատգամավոր ձեռնպահ է մնացել:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Կոսովոյի իշխանություններն առաջընթացի են հասել Չեռնոգորիայի հետ սահմանազատման համաձայնագրի վավերացման գործընթացքում, եւ այժմ Կոսովոն համապատասխանում է Եվրամիության պահանջներին՝ այցագրային ռեժիմի ազատականացման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: