
Իսրայելական բանակում ծառայող թուրք աղջկա գրառումը զայրացրել է թուրք օգտատերերին

Ազգությամբ թուրք, ծնունդով Ուրֆայի Հալիֆեթ շրջանից Սաբիհա Իրեմ Չևիքը սոցցանցում հրապարակումներ է կատարել իսրայելական բանակում իր զինծառայության մասին:
Հայտնի է դարձել, որ նա օգոստոսի 29-ին մանսակցել է Իսրայելի բանակի ռազմական գործողություններին Գազայում:
«Գազայից Համասի ուժերին հեռացնելու համար ռազմական գործողություն է սկսվել: Մեր ուժերը 5կմ խորացել են»:
Այս գրառումը զայրացրել է թուրք օգտատերերին: Նրանք վիրավորանքներ են գրել գրառման տակ, որի պատճառով Չևիքը ոչ միայն ստիպված է եղել ջնջել գրառումը, այլև՝ փակել իր սոցիալական էջը:
Այն դեպքում, երբ Թուրքիայում օրակարգային հարց է պայմանագրային զինծառայության մոդելի կիրառումը, փաստորեն Իսրայելում պարտադիր զինվորական ծառայություն են անցնում թե Իսրայելի և թե Թուրքիայի քաղաքացիություն ունեցող իգական սեռի ներկայացուցիչները: Երկու երկրների համաձայությամբ երկքաղաքացիություն ունեցող անձինք կարող են զինծառայություն անցնել իրենց նախընտրած երկրում: Կանանց պարտադիր զինծառայությունը իսրայելական բանակում 2 տարի է:
Թուրքիայում կանայք չեն ծառայում, իսկ ահա երկքաղաքացիություն ունեցող կանանց համար Իսրայելում գործում է պարտադիր զինծառայության սկզբունքը: Իսկ երկքաղաքացիություն ունեցող տղամարդիկ ընտրում են Թուրքիան, քանի որ այնտեղ պայմանագրային զինծառայությունն ավելի կարճ է տևում Իսրայելի համեմատ: Իսրայելում տղամարդիկ ծառայում են 3 տարի, իսկ Թուրքիայում՝ 6-12 ամիս: