Ինչ է քննելու ԱԺ քննիչ հանձնաժողովը

Ազգային ժողովն այսօր պատգամավորների նախաձեռնած արտահերթ նիստում քննարկում է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման հարցով Քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը։ ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը զեկուցեց, որ նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է 2 կարևոր հանգամանքով, որ առնվազն հիմնավոր կասկածներ են ստեղծվում առ այն, որ եթե ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունները ձայնագրվում են, նշանակում է, որ Սահմանադրությամբ և եվրոպական կոնվենցիաներով երաշխավորված յուրաքանչյուր անձի հեռախոսային խոսակցությունների գաղտնիության սկզբունքն է վտանգված, այսինքն՝ խնդիրը գլոբալ է:

Գաղտնալսման փաստի բովանդակային մասի կապակցությամբ Գ.Կոստանյանը նշեց, որ առկա է ներգրավվածություն, որը չպետք է տեղի ունենա արդարադատության իրականացման ընթացքում. «Հետևաբար՝ կարևոր հարց է ծագում՝ արդյոք երկրում ապահովվա՞ծ է յուրաքանչյուր անձի՝ արդար դատաքննություն ունենալու իրավունքը»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ քանի որ գործով նախաքննություն է ընթանում, ԱԺ կանոնակարգ-օրենքով սամանափակում կա: Նա զարմանք հայտնեց, որ այդ սահմանափակումը վրիպել է Կոստանյանի աչքից.

«Սահմանափակման մեջ հստակ գրված է, որ չի կարող Քննիչ հանձնաժողով ստեղծվել, եթե նախաքննություն է ընթանում: Երկու դեպքերով էլ նախաքննություն է ընթանում՝ և՛ գաղտնալսման, և՛ քրեական գործին հնարավոր միջամտության հանգամանքով: Դրա համար ԱԺ-ն չի կարող ստեղծել այդպիսի հանձնաժողով»:

Կարդացեք նաև

Գ. Կոստանյանը նկատեց, որ Մարուքյանը ճիշտ է, և նման հանգամանքը չէր կարող իրենց աչքից վրիպել։ Սակայն, ըստ նրա, իրենք չեն խոսում կոնկրետ քրեական գործերի մասին կամ կոնկրետ հանգամանքների, այլ խոսքը ձայնագրությունը գլոբալ քննարկման առարկա դարձնելու մասին է:

Է.Մարուքյանի խոսքով՝ կոնկրետ դեպքի վերաբերյալ են պատգամավորները ստորագրություն հավաքել, որի փաստով կա հարուցված քրգործ, իսկ ԱԺ կանոնակարգ-օրենքը թույլ չի տալիս ստեղծել քննիչ հանձնաժողով:

Գ. Կոստանյանը նկատեց, որ արդարադատությանը խոչընդոտելու փաստի կապակցությամբ քրգործ հարուցված չի. «Եթե տեքստի ձևակերպումը խնդիր է, մենք կարող ենք փոխել»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930