«Հեղափոխությունը Նիկոլը կամ ժողովուրդը չի արել. այս ծրագիրը Հայաստանում չի մշակվել». Գառնիկ Իսագուլյան

ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի կարծիքով՝ ԱԱԾ տնօրենն  ու ՀՔԾ պետը գաղտնալսված ձայնագրության հրապարակումից հետո պետք է անմիջապես հրաժարական տային։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Իսագուլյանն ասաց, որ երկրի առաջին դեմքերի տված մեկնաբանություններն այդ թեմայով պրիմիտիվ են.

«Այս օրերին, երբ լսում եմ մեկնաբանությունները, թե ով կարող է դա արած լինել, փշաքաղվում եմ։ Հանկարծ երկրի անվտանգության պատասխանատուները հայտնվել են մի պատմության մեջ, որն ամեն առաջին դասարանցի պետք է իմանա։ Ժողովուրդ ջան, ամեն ինչ լսվում է, եթե մեկը ծովափում կանգնած լողալ չգիտի, ամենևին չի նշանակում, որ կողքիններն էլ լողալ չգիտեն։ Անմիջապես պետք է հետևեին հրաժարականներ այս ձայնագրությունը հրապարակվելուց հետո, ԱԱԾ  տնօրենն ու ՀՔԾ պետը պետք է հրաժարական տային, վարչապետին դեռ թողնենք՝ իր տեղում նստած մնա։ Եթե ինչ-որ մեկը կարողացել է այդ գործն անել, նշանակում է՝ ավելի պրոֆեսիոնալ է, քան նրանք, ում ձայնագրել է։ Ավելի լավ է այդ մարդը նստի այդ պաշտոնին, քան նրանք, ում ձայնագրել են»։

Նրա դիտարկմամբ՝ հրապարակված հեռախոսազրույցի բովանդակությունը հստակ ցույց է տալիս մեկ բան՝ Հայաստանում այսօր ոչ միայն չկա իշխանությունների տարանջատում, ոչ թե սիրո հեղափոխություն չի եղել, այլ եկել է մի ռեժիմ, որտեղ, Իսագուլյանի խոսքով՝«ամեն ինչ թելադրվում է մի կետից՝  լկտի ձևով».

«Այդ խոսակցության հիման վրա ՀՔԾ պետի վրա կարելի է առնվազն 5 քրեական գործ հարուցել, ԱԱԾ պետի վրա՝ առնվազն 3 քրեական գործ։ 10 զոհերի իրավունքները ներկայացնող պաշտպանը դարձել է ՀՔԾ պետի ջեբի խաղալիքը, և ոչ թե մտահոգված է՝ ոնց բացահայտեն 10 զոհերին սպանողներին, այլ՝ թե ոնց հստակ ուղղվածության տանեն, որպեսզի ընդհանրապես այդ գործը չբացահայտվի։ Կարող եմ հանրությանը վստահ ասել, որ այսօր տարվող Մարտի 1-ի գործն ամբողջությամբ քաղաքական պատվեր է։

Կարդացեք նաև

Հիմա պատկերացնո՞ւմ եք՝ եթե ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը մնան, ինչեր պետք է փորձեն անել՝ ապացուցելու համար, որ իրենք ճիշտ են, որովհետև հաջորդիվ եկող ցանկացած նորմալ, մտածող իրավաբան ՀՔԾ կամ ԱԱԾ պետ անմիջապես պարտավոր է այս մարդկանց նկատմամբ հարուցել քրեական գործ։ Ես զարմանում եմ նաև 10 զոհերի իրավահաջորդների, հարազատների վերաբերմունքի վրա. իրենք պարզ լսեցին, որ այդ Վահե կոչեցյալն առաջնորդվում է ՀՔԾ պետի հրահանգներով, այսինքն՝ մտածում են՝ ոնց քաղաքական պատվեր իրականացնեն»։

Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանը կամ ժողովուրդը չի արել.

«Այն, ինչ արվել է, մեկ տարվա կամ երկու տարվա ծրագիր չի եղել։ «Սորոսը» եթե որևէ տեղ փող է դնում, ապա պետք է մի շահ ունենա, այս ծրագիրը Հայաստանում չի մշակվել։ ԱԱԾ տնօրենը պետք է քրեական գործ հարուցեր «Սորոսի» դեմ, փորձեր հասկանալ, թե այդ ինչ փողեր են, ինչի համար են ծառայում, բայց պարզվում է՝ դա ՀՔԾ պետի եղբայրն է։ Քաղաքական պատվեր է, այլևս որևէ կասկած չկա։

Պարոն Փաշինյան, ես սիրում եմ իմ հայրենիքը, հարգում եմ իմ պետության ցանկացած ղեկավարի, եթե ձեր շրջապատն է ձեզ գցում թյուրիմացության մեջ՝ հաշվի առնելով ձեր որոշ հատկանիշներ, ապա շատ արագ կամ ազատվեք ձեր այդ շրջապատից, թույլ մի տվեք, որ ձեզ քաշեն ծանր հետևանքներ ունեցող խաղերի մեջ, որի արդյունքում ոչ միայն իմ ասած քաղաքացիական պատերազմը խաղ ու պար կթվա, այլև կկորցնենք այն, ինչ այսքան տարիներ մեծ զրկանքների գնով ձեռք ենք բերել»։

Տեսանյութեր

Լրահոս