
«Ինչպես սպանել ամուսնուն» ձեռնարկի հեղինակին մեղադրել են իր ամուսնուն սպանելու մեջ

Գրող Նենսի Քրեմփթոն Բրոֆին՝ «Ինչպես սպանել ամուսնուն» պատմվածք-ձեռնարկի հեղինակին, մեղադրել են իր ամուսնու՝ Դենիել Բրոֆի սպանության մեջ: Այդ մասին հայտնել է Newsweek-ը:
68-ամյա կինը սպանության մասին ձեռնարկը գրել է 2011 թվականին: Պատմվածքը հրապարակվել էր See Jane Publish կայքում, սակայն ներկայում այն կայքից հանված է: Նշվում է, որ աշխատության մեջ Բրոֆին նկարագրել է սպանության հնարավոր գործիքները եւ հանցագործության կատարման դրդապատճառներ առաջարկել:
63-ամյա Դենիելի սպանությունը տեղի է ունեցել հունիսի 2-ին: Տղամարդը հրաձգային զենքից մահացու վիրավորվել է Փորթլենդում գտնվող Օրեգոնի խոհարարական ինստիտուտում, որտեղ աշխատել է ավելի քան տասը տարի: Երեք ամիս տեւած հետաքննությունից հետո ոստիկանությունը Նենսիին ձերբակալել է սպանության կասկածանքով: Գրողին նաեւ մեղադրել են հրազենի անօրինական օգտագործման մեջ, գրում է People-ը: