ՀՔԾ-ն՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի մասին

Վերջին շրջանում մամուլում քննարկվող՝ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վարույթ ընդունելու կամ չընդունելու հարցին այս անգամ անդրադարձել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ «Դատախազության բողոքը մնաց օդից կախված» վերտառությամբ հրապարակմամբ (11.09.2018թ.): Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Հրապարակման հեղինակը, հղում կատարելով իբրև դատական համակարգից «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների» վրա, կատարել է ակնհայտ սխալ և ոչ մասնագիտական վերլուծություն` դրանով իսկ թյուրիմացության մեջ գցելով ընթերցողին: Մասնավորապես, ըստ հեղինակի` վարույթն իրականացնող մարմինը, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերջերս որպես խափանման միջոց ընտրելով չհեռանալու մասին ստորագրությունը, ՀՀ վճռաբեկ դատարանին հնարավորություն է տվել ընդհանրապես չքննել նրա նկատմամբ նախկինում որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու մասին ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը, քանի որ հիշյալ խափանման միջոցները՝ կալանավորումը և չհեռանալու մասին ստորագրությունը, չեն կարող կիրառվել մեկը մյուսի հետ կապակցված:

Կարևորելով հանրության համար մեծ հետաքրքրություն ներկայացնող գործի վերաբերյալ հասարակությանը ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու անհրաժեշտությունը, ինչպես նաև հիշյալ հրապարակման մեջ տեղ գտած ոչ պրոֆեսիոնալ և հիմնազուրկ վերլուծությունն ու ապատեղեկատվությունը հերքելու նպատակով` հարկ ենք համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումը:

Նախ, ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրություն է ընտրվել ոչ թե կալանավորման հետ միաժամանակ, այլ նախկինում նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ վերացվելուց հետո: Այսինքն` չհեռանալու մասին ստորագրությունը մեղադրյալի նկատմամբ ընտրելու պահին նրա նկատմամբ այլ խափանման միջոց ընտրված չի եղել:

Բացի այդ, մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունն ընտրելը չի կարող որևէ կերպ ազդել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու և այն քննարկելու գործընթացների վրա, քանի որ բողոքարկման առարկան ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումն է՝ կալանավորումը վերացնելու մասին: Այլ հարց է, որ հետագայում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու պարագայում չհեռանալու մասին ստորագրությունը պետք է վերացվի:

Հատկանշական է նաև, որ իրավակիրառ պրակտիկայում առկա են բազմաթիվ դեպքեր, երբ ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել և քննարկել կալանավորումը վերացնելու որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքներն այն պայմաններում, երբ ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից կալանավորումը վերացնելուց հետո նախաքննական մարմնի կողմից մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

Որպես օրինակ կարելի է վկայակոչել Արթուր Խաչատրյանի վերաբերյալ թիվ ԵԱՔԴ/0986/06/16 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.08.2017թ. նախադեպային որոշումը: Տվյալ գործով մեղադրյալի նկատմամբ առաջին ատյանի դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Պաշտպանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2017 թվականի փետրվարի 2-ին որոշում էր կայացրել բողոքը բավարարելու, առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը բեկանելու, մեղադրյալ Ա.Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը վերացնելու և նրան անհապաղ ազատ արձակելու մասին։ Դրանից հետո վարույթն իրականացնող մարմինը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը: Այդուհանդերձ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը վճռաբեկ բողոք է բերել ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի մայիսի 25-ի որոշմամբ ներկայացված բողոքը վարույթ է ընդունվել, իսկ 2017 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարել է. մեղադրյալ Արթուր Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի փետրվարի 2-ի որոշումը բեկանվել է, և օրինական ուժ է տրվել Ա.Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմանը:

Վերոգրյալը հաշվի առնելով` լրատվամիջոցին հորդորում ենք նախաքննական մարմնի գործողություններին գնահատական տալուց առաջ նախ ստուգել «իրենց հասած» տեղեկությունների կամ աղբյուրների հավաստիությունը, խորհրդակցել կոմպետենտ մասնագետների հետ և պատշաճ կերպով նախապատրաստվել հրապարակմանը` նման իրավիճակներում չհայտնվելու համար:

Տեսանյութեր

Լրահոս