«Շատ տխուր է գիտակցել, որ մեր պետությունում պետական, իրավական բարդ հարցերը նման մակարդակով են լուծվում». Վազգեն Մանուկյան

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը «Անկախ» կայքի հետ զրույցում անդրադարձել է Ազգային անվտանգության և Հատուկ քննչական ծառայության պետերի խոսակցության ձայնագրությանը։

-Պարոն Մանուկյան, երեկ համացանցում հայտնվեց ՀՀ ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի խոսակցության ձայնագրությունը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրողությունը։

-Նախ պետք է նշել, որ այդ խոսակցության ճշտությունը հաստատվեց։ Առաջին և ամենակարևոր հարցը բովանդակությունն է: Շատ տխուր է գիտակցել, որ մեր պետությունում պետական, իրավական բարդ հարցերը նման մակարդակով են լուծվում։

Երկրորդը՝ ո՞վ է ձայնագրել. քանի որ խոսքը վերաբերում է Ազգային անվտանգության ծառայության պետին և Հատուկ քննչական ծառայության պետին, ապա իմ ենթադրությունն այն է, որ դա կարող էր անել կա՛մ որևէ երկրի գաղտնի ծառայություն (իսկ մի քանի երկրներ կան, որ նման հնարավորություններ կարող են ունենալ), կա՛մ դա ներքին օղակից են արել։

Բոլոր դեպքերում դա ցույց է տալիս, թե մեր անվտանգությունը ինչ ցածր աստիճանի վրա է գտնվում, և դա պետք է սթափեցնի։ Երրորդ հարցը՝ ինչո՞ւ հենց այս պահին հայտնվեց այս ձայնագրությունը։ Այստեղ ես ենթադրություններ անել չեմ կարող, բայց դա երևի թե ամենակարևոր հարցերից մեկն է։

Այս հարցը փոխկապակցված է նաև այն հարցի հետ, թե ում է սա ձեռնտու և թե ինչ է պետք սպասել ապագայում: Ինչ վերաբերում է այս միջադեպի վերաբերյալ իշխանության արձագանքին, ապա կարծում եմ՝ դա ադեկվատ արձագանք չէր։ Ավելի լավ կլիներ՝ արձագանքն ավելի ուշ լիներ, բայց ավելի լուրջ լիներ։

Տեսանյութեր

Լրահոս