Բաժիններ՝

Արայիկ Հարությունյանը՝ դպրոցների միասնական քննությունների մասին

«Երբեմն այդ քննադատությունը գալիս է նրանից, որ որոշակի խմբեր որոշակի շահեր ունեն: Մի մեծ խումբ կար բողոքների, որ գալիս էր, այսպես կոչված, հայտնի դպրոցներից, որ գիտելիքի ստուգման արդյունքում որոշ միֆեր, որ ձևավորված են տարբեր դպրոցների ուսուցիչների շուրջ, քանդվում են»,- այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հարցին, որ դպրոցների միասնական քննությունների պատճառով լայն անհանգստություն է առաջացել:

Ըստ նախարարի՝ միասնական քննության գաղափարն առաջացել է նախորդ տարվա ավարտական քննություններին իր այցելություններից, որ քննությունների ժամանակ տիրում է տնայնավարական մթնոլորտ, և կտրվողների թիվը հայերեն առարկայից 0.1-0.2% է, որն ընդունելության քննությունների ժամանակ աճում է 20 անգամ:

Ամեն դեպքում, ինչպես նշեց Ա.Հարությունյանը՝ անսալով բողոքներին, այս տարի ամբողջությամբ չեն անցնի միասնական քննությունների, 12-րդ դասարանում կլինի մեկ առարկա, 9-րդ դասարանում՝ 1 կամ 2 առարկա, հարցը դեռ քննարկվում է:

Նա ընդգծեց, որ աշակերտներին նոր պահանջներ չեն ներկայացվելու, ուղղակի քննություններն անցկացվելու են ոչ թե դպորցներում, այլ միասնական. «Որևէ սթրեսի բան չկա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս