Հարսնացուն դեպի խորան է քայլել մեռնող վետերան պապիկի հետ՝ կատարելով նրա երազանքը
Լեհաստանում հարսնացուին դեպի խորան է առաջնորդել նրա պապիկը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանը: Ինչպես հայտնել է Daily Mail հրատարակությունը, արարողությունից երկու օր անց նա մահացել է։
Յոհաննա Սեման իր 94 տարեկան պապիկին՝ Բրոնիսլավ Կարվովսկուն, խնդրել էր իր հարսանիքին մասնակցել, հենց որ փեսացուն նրան առաջարկություն էր արել: Ծերունին արդեն հազիվ էր քայլում, բայց թոռնուհուն խոսք էր տվել, որ անպայման նրան կաջակցի այդ շատ կարեւոր օրը:
Թոռնուհուն փեսացուի մոտ տանելուց առաջ Կարվովսկին, որը տոնական համազգեստ էր հագել՝ բոլոր պարգեւներով, նրան խոստովանել է, որ անհամբերությամբ էր սպասում հարսանիքին եւ հպարտանում է, որ հասել է այդ օրվան: Հյուրերին շատ է հուզել պապիկի եւ թոռնուհու հայտնվելը, իսկ փեսացուն հազիվ է կարողացել զսպել արցունքները: Հարսանիքից հետո 30-ամյա Սեման, որը բուժքույր է աշխատում, պապին խոստացել է, թե չի թողնի, որ նա մահանա հիվանդանոցում: Նա պապի մասին հոգ է տարել մինչեւ նրա վերջին շունչը:
Չնայած իր վատ ինքնազգացողությանը, վետերանն ուրախացել է, երբ իմացել է, որ հարսանիքի իր լուսանկարները լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում: Սեմայի խոսքով՝վետերանը շատ բան է արել ընտանիքի համար: Նա տատիկի ու պապիկի հետ ապրել Է մեկ տարեկանից, եւ նրանք իր համար դարձել էին երկրորդ ծնողներ:
«Պապիկը շատ համբերատար էր: Նա 13 թոռ ուներ, եւ մենք կռվում էինք նրա կողքին քնելու իրավունքի համար, որովհետեւ նա պատմում էր ամենահետաքրքիր հեքիաթներն ու պատմությունները»: «Չորս տարի առաջ նրան կարդիոխթանիչ պահանջվեց. այն ժամանակ նա ինձ ասաց, որ հարկավոր է արագացնել հարսանիքը, որովհետեւ իր պիտանելիության ժամկետը լրանում է»,-հիշում է հարսնացուն: