
Գերմանիայի քաղաքացին Թուրքիայում դատապարտվել է շուրջ 10 տարվա ազատազրկման

Թուրքիայում հերթական անգամ Գերմանիայի քաղաքացի է ազատազրկվել: Գերմանական մամուլի համաձայն՝ անձը, ում անունը չի հրապարակվում, ահաբեկչական խմբավորմանն անդամակցության մեղադրանքով 9 տարի 9 ամիս ազատազրկման է դատապարտվել դեռևս 2017թ. հուլիսին:
Հայտնի է, որ 55 ամյա դատապարտյալը մեղադրվել է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող Գյուլենական կառույցի (FETÖ) հետ կապված մի ընկերության ղեկավար լինելու պատճառով:
Դատապարտված Գերմանիայի քաղաքացին թուրքական ծագում ունի, նա տարիներ առաջ ուսման նպատակով մեկնել է Գերմանիա: Ապա երկար տարիներ ապրել Գերմանիայի Ախեն քաղաքում: Այնուհետև Թուրքիայում մի ընկերություն է հիմնել և մինչև ձերբակալությունը եղել է այդ ընկերության ղեկավարը:
Թուրքիայի արտգործնախարարությունը դեռևս թեմայի վերաբերյալ որևէ հրապարակում չի արել: Հայտնի է, որ Իզմիրում Գերմանիայի հյուպատոսարանը կալանավորված քաղաքացուն անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն է ցուցաբերում:
Հիշեցնենք, որ Թուրքիայում կալանավորված Գերմանիայի քաղաքացիների խնդիրը թուրք-գերմանական հարաբերություններում պարբերաբար լուրջ լարվածություն առաջացնող հիմնախնդիրներից մեկն է: