Տանզանիայի նախագահը հղիությունից պաշտպանվողներին մեղադրել է ծուլության մեջ
Տանզանիայի նախագահ Ջոն Մագուֆուլին հայտարարել է, թե հարկավոր չէ պաշտպանվել հղիությունից: Նրա խոսքը փոխանցել է The Guardian-ը։
Արեւելաաֆրիկյան երկրի ղեկավարի կարծիքով, հակաբեղմնավորիչներից օգտվում են ծույլ մարդիկ, որոնք չեն ցանկանում աշխատել եւ մեծ ընտանիք պահել: Նա հավելել է, որ նրանք, ովքեր քարոզում են պաշտպանվել հղիությունից, վատ խորհրդատուներ են: «Դուք (…) լավ ֆերմերներ եք,-ասել է նա՝ դիմելով ժողովրդին,-դուք կարող եք կերակրել ձեր երեխաներին՛ Դուք ինչո՞ւ պետք է պաշտպանության դիմեք»:
Օրենքի համաձայն, Տանզանիայում կանայք հղիությունից պաշտպանվելու իրավունք ունեն: Սակայն հակաբեղմնավորիչ միջոցներից օգտվելու հնարավորություն բոլոր չէ, որ ունեն: ՄԱԿ-ի տվյալներով՝ երկրում կանանց մեկ երրորդն զբաղվում է ընտանիքի պլանավորմամբ, հակաբեղմնավորիչներից օգտվելու հնարավորությունը սահմանափակ է գյուղական շրջաններում: Միջին հաշվով յուրաքանչյուր տանզանացի կին իր կյանքի ընթացքում ունենում է հինգ երեխա: