ԱԺ-ն ընդունեց Հայաստանի և Տաջիկստանի ուսումնական հաստատությունների դիպլոմների փոխճանաչման օրենքի նախագիծը
ՀՀ ազգային ժողովը երկրորդ և ամբողջական ընթերցմամբ ընդունեց «ՀՀ կառավարության և Տաջիկստանի կառավարության միջև կրթության որակավորումների, գիտական աստիճանների և գիտական կոչումների փոխճանաչելիության, համադրելիության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այն ընդունվեց սեպտեմբերի 12-ի նիստում:
Կողմ քվեարկեցին 89 պատգամավորներ, դեմ և ձեռնպահ չկար:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել էր, որ համաձայնագրով ճանաչվում են կրթության բոլոր մակարդակների ավարտական վկայագրերը, դիպլոմները: Կողմերը գիտության և կրթության ոլորտում ակտիվ համագործակցելու նպատակով ստանձնում են մի շարք պարտավորություններ, փոխադարձաբար ճանաչում են հիմնական, միջնակարգ կրթության վկայագրերը, նախնական մասնագիտական և արհեստագործական կրթության մասին վկայագիրը և ներդիրը, ստացած կրթության ծավալը և բովանդակությունը արտացոլող ակադեմիական տեղեկանքը, բակալավրիատի և մագիստրատուրայի դիպլոմները: