«Դուք եք որոշելու, թե ով է լինելու Երևանի իշխանությունը և պահանջելու եք Երևանը դարձնել մեր երազանքների քաղաքը». Հայկ Մարության
«Երևանի բնակչությունն է որոշելու քաղաքի բոլոր կարևոր հարցերը»,- այս մասին քիչ առաջ Դավիթաշենում քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի շրջանակում մեկնարկած «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ ներկայացնելով դաշինքի ծրագիրը:
Նա նշեց, որ այսօր «Իմ քայլը» դաշինքի թիմը շրջել է Դավիթաշենով, զրուցել է հրաշալի մարդկանց հետ, շատերն ասել են, որ հատուկ արտասահմանից եկել են այս ընտրություններին մասնակցելու համար: Ըստ նրա, այդ մարդիկ արժանի են ծափահարության: Մարությանն ասաց, որ ապրում են այս պահին պատմական մի ժամանակում: «Ընդամենը 11-12 օր անց մենք ներկա ենք լինելու արդեն տասնյակ տարիներ չլինող մի իրադարձության՝ մենք գնալու ենք ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների: Այս ամենը դուք եք կազմակերպել, այս ամենը իրականացրել է մեր հայ ժողովուրդը, հեղափոխությունն իրականցրել է հայ ժողովուրդը՝ դուք: Միայն այս հեղափոխության շնորհիվ է, որ մենք վերջապես կարող ենք ունենալ այս արդար և թափանցիկ ընտրությունները, վերջապես այս ընտրություններին ոչ մեկ չի կարող գողանալ մեր ձայնը, ոչ մեկ չի կարող մեր տեղը ընտրել, այսօր այդ ընտրություններին՝ սեպտեմբերի 23-ին, երևանցիներն են և միայն երևանցիներն են ընտրելու, թե ով է ղեկավարում Երևան քաղաքը: Փաստացի հենց ժողովուրդն է ղեկավարում Երևան քաղաքը, դուք եք Երևան քաղաքի ղեկավարը: Դուք ընտրելու եք, դուք որոշելու եք, թե ով է լինելու Երևանի իշխանությունը և դուք էլ պահանջելու եք իրենցից, որ ամեն օր, ամեն ժամ, ամիս առ ամիս, տարի առ տարի շենացնեն, կարգի բերեն և մեր Երևանը դարձնեն մեր երազանքների քաղաքը: Այս ամենին ցանկանում է մասնակից լինել «Իմ քայլը» դաշինքը ձեր օգնությամբ, ձեր քվեով: Այս դաշինքը ձևավորվել է հեղափոխությունից հետո և այս դաշինքը իր մեջ կրում է հեղափոխության բոլոր սկզբունքները, այս դաշինքի ցուցակը կրում է իր մեջ հեղափոխության բոլոր սկզբունքները, այստեղ հավաքված են մարդիկ, որոնք տարիներ ի վեր անընդհատ պայքարել են ժողովրդի համար, անարդարության դեմ, եղել են ձեր կողքին, դուք եղել եք իրենց կողքին: Այստեղ հավաքված են բարձր մակարդակի պրոֆեսիոնալներ և բոլորին հետաքրքրում է Երևանի ներկան և ապագան: Մեր դաշինքի բոլոր անդամները ապրում են Երևանով»,- ասաց Հայկ Մարությանը:
Ներկայացնելով դաշինքի ծրագիրը՝ «Իմ քայլ»-ի քաղաքապետի թեկնածուն ասաց, որ այն բաղկացած է 50 կետից: Նրա խոսքով՝ առաջին քայլը «Ուղիղ ժողովրդավարություն» են կոչել, ինչը նշանակում է, որ բոլոր մեծ, կարևոր հարցերը, հանրային հնչեղություն ստացած հարցերը որոշվելու են հանրաքվեի միջոցով: Մարությանի տեղեկացմամբ, ժողովուրդն է որոշելու բոլոր կարևոր հարցերը:
Երկրորդ քայլը, ըստ քաղաքապետի թեկնածուի, տրասնպորտի թեման է: «Ինձ համար այս թեման միայն Ա կետից Բ կետը տեղափոխվելը չէ, սա պատվի հարց է դարձել ինձ համար: Երբ մենք մեկնում ենք տարբեր քաղաքներ և օգտվում ենք այնտեղի տրանսպորտից, միանգամից պատկերացնում ենք, թե այս պետությունը զարգացվածության ինչ աստիճան ունի, իսկ մեզ մոտ տեսեք, թե ինչ վիճակ է, սա ուղղակի ամոթ է, ես իրոք ամաչում եմ: Սա պետք է անհապաղ լուծել: Միանգամից ձերբազատվում ենք «մարշրուտկա» կոչվածներից, իսկ այժմ լուծումները՝ ներդրումների միջոցով արդիականացնում ենք ողջ ցանցը, մտցնում ենք միասնական տոմս և իհարկե ամենակարևոր կետը՝ գործելու են զեղչեր բնակչության հատուկ խմբերի համար:
Նախևառաջ, որպեսզի սա իրականացնենք, վերանալու են բոլոր գծերն ու գծատերերը, լինելու են նոր երթուղիներ, նոր կանգառներով, նոր մենեջմենթով, որն իրականցնելու են պրոֆեսիոնալ օպերատորները, ներմուծելու ենք բարձրակարգ ավտոբուսներ, դրանք լինելու են երեք չափի՝ մեծ, միջին և փոքր»,-ներկայացրեց Հայկ Մարությանը, շարունակելով, որ բոլոր ավտոբուսները լինելու են միջազգային ստանդարտներին համապատասխան, ունենալու են հովացման և տաքացման համակարգեր, լինելու է հաշմանդամություն ունեցող անձանց համար սայլակով մուտք գործելու հնարավորություն, դրանից օգտվելու են նաև բոլոր մայրիկները սայլակով երեխայի հետ: Նա նաև ասաց, որ տրանսպորտն առանց մետրոյի հնարավոր չէ, դա էկոլոգիապես ամենամաքուր տրանսպորտն է:
«Մենք նախատեսում ենք առնվազն մետրոյի մեկ կայարան կառուցել Թումոյի մոտ՝ Աջափնյակում: Սովետական միության ժամանակ սկսվել է այս գծի շինարարությունը, բայց եկել են Հրազդան կիրճի մոտ կանգ են առել, մենք պատրաստ ենք շարունակել և ավարտին հասցնել այդ աշխատանքը: Խոսելով միասնական տոմսի մասին՝ քաղաքապետի թեկնածուն ասաց, որ գնում եք տոմսը մեկ ժամվա, մեկ օրվա, մեկ ամսվա, երեք ամսվա տոմս, այսինքն՝ երբ կա մեկ ժամվա տոմս, մեկ ժամվա ընթացքում ողջ Երևանի երթուղիներից կարելի է օգտվել: Սա, նրա որակմամբ, շահավետ է լինելու: Միևնույն ժամանակ, ըստ նրա, պահելու են 100 դրամ կոչվող տոմսը: «Մետրոյի գործարանային կայարանը, ԽՍՀՄ ժամանակ հաճախ էր օգտագործվում, աշխույժ համայնք էր, այն չի օգտագործվում այսօր, մենք մտածում ենք ուսումնասիրել մետրոյի շրջակայքը և ստեղծել ուսումնական կենտրոն, բիզնես կենտրոն՝ զարգացնելով քաղաքային տնտեսությունը»,- ասաց նա:
Քայլ երրորդը, ըստ Մարությանի, աղբահանության հարցն է: «Այսօր մենք ֆռռացել ենք ողջ համայնքով, ամբողջ վարչական շրջանով, գրեթե բոլոր շենքերի մոտ տեսել ենք՝ ինչ է կատարվում, սա ամենուրեք է կատարվում: Քաղաքային իշխանությունը նորմալ և պատշաճ չի զբաղվել իր գործով և շատ վատ սպասարկում է իրականացնում «Սանիտեկ» ընկերությունը,արձանագրեց Մարությանը, նշելով, որ անհրաժեշտ են համարում վերացնել այս ոլորտում այս ընկերության մենաշնորհը, ինչպես ժամանակին կապի ոլորտից «Արմենտելի» մենաշնորհը:
Քայլ չորրորդը, ըստ նրա, համատիրությունների հարցն է: Նրա խոսքով, այսուհետ համատիրությունները գործելու են նրա համար ինչի համար կոնկրետ ստեղծված են: «Դուք եք ընտրելու ձեր համատիրության նախագհին, դուք եք լիազորելու զբաղվելու ձեր շենքով, իսկ նա համագործակցելու է մասնագիտացված ընկերությունների հետ»,- ասաց նա: Վերջինիս խոսքով, ամենացավոտ թեման վերելակներն են, որոնք իսկապես շատ վատ վիճակում են գտնվում, այսօր Երևանում կա 4400 վերելակ, որից 4200-ը վթարային վիճակում են, 98 տոկոսը մոտավորապես: «Քաղաքապետարանն այստեղ անելիք չունի, սակայն, հաշվի առնելով ժողովրդի սոցիալական վիճակը, մարդկանց վիճակը քաղաքապետարանը պետք է մասնակից լինի այս վերելակները վերանորոգելու և փոխելու գործում»,- նշեց Մարությանը:
Հինգերորդ քայլը, ըստ բանախոսի, մանկապարտեզների հարցն է, վեցերերորդը՝ պոլիկլինիկաների վիճակը: Նա ասաց, որ զրուցել է նախարարի հետ և այս հարցով զբաղվելու են համակարգային կերպով:
Յոթերորդ քայլը, ըստ թեկնածուի, դպրոցներն են: «Նախ դրանք պետք է ապաքաղաքականացնել, դրա մասին խոսք չկա: Չի կարող դպրոցի տնօրենը, դասատուն զբաղվել քաղաքականությամբ իր աշխատանքային ժամին, նա պետք է զբաղվի ուսուցում տալով, դաստիարակելով մեր երեխաներին: Դպրոցներով զբաղվում է Կրթության և գիտության նախարարությունը, ծրագրեր է իրականացնում, մեր գործառույթն է այդ բոլոր ծրագրերը ճիշտ իրականացնել: Մենք ուշադրություն ենք դարձնելու դպրոցում մատուցվող սննդին, սնունդը պետք է բացառապես համապատասխանի առողջ ապրելակերպին, համապատասխանի տարիքային զարգացմանը: Սա նորից պահանջում է ամենօրյա աշխատանք»,-ասաց նա:
Ութերորրդը, ըստ Հայկ Մարությանի, բնապահպանության և կանաչապատման հարցն է, իսկ իներորդը՝ տուրիզմը, դրա զարգացումը: