Բաժիններ՝

Հայտնաբերվել են 48 տոննա կանեփի և 37 կգ կակաչի զանգվածներ

Ոստիկանության գործունեությունը բազմաբովանդակ ու բազմակողմանի է: Իրավապահները կանխում, խափանում ու բացահայտում են հանցագործություններ և այս ծառայության մաս են կազմում ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կանխարգելիչ նաև միջպետական բնույթի միջոցառումները՝ «Զինանոց», «Նելեգալ», «Կանալ», «Կանեփ-կակաչ» և այլն

«Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումն ավարտվեց օգոստոսի 31-ին: Շուրջ մեկ ամիս տևած միջոցառումն ուղղված է ապօրինի թմրաշրջանառության դեմ: Միջոցառումը համակարգում էր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունը:

Միջոցառումն անցկացվում է ամեն տարի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:
Ոստիկանության մայոր Վարդգես Նաջարյանի խոսքով օգոստոսի 6-ից 31-ը ոստիկանության գրեթե բոլոր ստորաբաժանումները մասնակցել են կանխարգելիչ միջոցառմանը, և միասնական ծառայությունը տվել է իր արդյունքը. «Միջոցառման ընթացքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է շուրջ 48 տոննա կանեփի և 37 կիլոգրամ կակաչի վայրի աճած զանգված»:

Բացի այս, տնամերձ հողատարածքներից հայտնաբերվել է ընդհանուր՝ 231 կգ քաշով կանեփի 1025 բույս: Ապօրինի շրջանառությունից առգրավվել են տարբեր քանակի «մարիխուանա», «ափիոն», «դեզոմորֆինով լուծույթ», «սփայս», «մետամֆետամին», «սուբուտեքս», «պրեգաբալին» թմրանյութեր. «Միջոցառման ընթացքում բացի թմրամիջոցների հայտնաբերումից, բացատրական աշխատանքի շնորհիվ հանձնվել է ոստիկանություն տարբեր տեսակի ռազմամթերք»:

Կամավոր հանձնվել է 10 ինքնաձիգ, 33 նռնակ, 23 պահունակ, 7 ատրճանակ, 9 հրացան, 51 պայթուցիչ, 2 ական, , 19 փաթեթ տրոտիլ, մեկական գնդացիր ու նռնականետ և 11856 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ. «Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հայտնաբերվել է նաև 129 հետախուզվող»:

«Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման ընթացքում հայտնաբերված հանցագործությունների կապակցությամբ հարուցվել է շուրջ 2 տասնյակ քրեական գործեր, որոնք վերաբերում են թմրամիջոցների անօրինական շրջանառությանը:
Թեև ավարտվեց ապօրինի թմրաշրջանառության դեմ իրականացվող՝ «Կանեփ-կակաչ 2018» միջոցառումը, սակայն ապօրինի թմրաշրջանառության դեմ ոստիկանության պայքարը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս