«Պետք չէ պաշտոնների համար ուրանալ ընկերությունը». Վահան Բաբայանի կոչը՝ ավագանու ընտրություններին մասնակից ուժերին
Երևանի արտահերթ ընտրություններում «Ռեֆորմիստների« կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը առաջնային խնդիր է համարում Երևանի կանաչապատումը: Լրագրողների հետ զրույցում Արտակ Ավետյանը նշեց, որ պետք է որքան հնարավոր է ավելացնել կանաչ մակերեսները Երևանում:
Ավետյանը նաև կարևորեց Երևանի տրանսպորտի խնդիրը, որի լուծումը տեսնում է մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցմամբ:
«Երևանում կարևոր է տրանսպորտի խնդրի լուծումը: Պետք է բարելավվի տրանսպորտային համակարգը, ինչպես նաև մետրոպոլիտենի հարցը: Վերջինս կլուծի նաև դեպի Կենտրոն մեքենաների գերբեռնված հոսքի խնդիրը»,- ասաց Ավետյանը:
Իսկ «Ռեֆորմիստների» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանըը հայտարարեց, որ մասնակցում են ընտրություններին՝ հաղթելու և Երևանը կառավարելու նպատակով.
«Պետք է ամեն ինչ անենք, որ մեր քաղաքը չբաժանենք «սև»-ի և «սպիտակ»-ի, որ անհանդուրժողականություն չլինի: Մենք չենք մտել քաղաքականություն՝ թշնամիներ փնտրելու համար, մենք հարգում ենք բոլոր մրցակիցներին»:
Բաբայանը կոչով դիմեց ընտրապայքարին մասնակից ուժերին՝ ասելով. «Պետք չէ պաշտոնների համար ուրանալ ընկերությունը: Քաղաքականությունն այն բանը չէ, որի համար Երեւանը կարելի է կիսել տարբեր մասերի»: