«Իմ քայլը» դաշինքն առաջարկում է Երևանում կարևոր հարցերը լուծել հանրաքվեով
«Իմ քայլ»-ը դաշինքն Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում հաջողության հասնելու դեպքում առաջարկում է Երևանի վերաբերյալ հանրային մեծ հնչեղություն ունեցող հարցերը որոշել քաղաքային հանրաքվեի միջոցով: «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուների սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:
«Մենք ինքներս միաձայն չենք որոշելու, սա պետք է անենք բոլորով՝ երևանի բնակիչներով: Հանրաքվեները տեղի է ունենալու երկու մասով. առաջին մասը լինելու է թվային՝ Երևանի քաղաքապետարանի կայքէջում, իսկ առավել մեծ հարցերի շուրջ հանրաքվեները լինելու են ֆիզիկական մասնակցության միջոցով: Քվեաթերթիկում միանգամից կարող է լինել նույնիսկ 10 հարց, որպեսզի մայրաքաղաքի բյուջեի վրա շատ թանկ չնստի»,- ասաց նա:
Մարությանի խոսքով՝ դաշինքն իր նախընտրական ծրագիրը գրելիս հաշվի է առնել մի շարք կարևոր սկզբունքներ:
«Մենք մեր ծրագիրը գրելիս մի քանի կարևոր սկզբունքներ ենք հաշվի առել. մշտապես գործել քաղաքի կառավարման արդյունավետության բարձրացմանը միտված, որոշումներ կայացնելիս առաջնորդվել մարդկանց իրավունքների, շրջակա միջավայրի պաշտպանությամբ և հոգատարությամբ, ապահովել քաղաքի կառավարման ներառականությունը, աշխատանքում լինել թափանցիկ և հաշվետու, Երևանը դարձնել հարմարավետ, իսկ այցելուների համար՝ ճամփորդական ուղենիշ»,- նշեց Մարությանը:
Թեկնածուի խոսքով՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում հնարավորինս ընդգրկվել են այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ պայքարել են Հայաստանում կատարվող անարդարությունների դեմ:
«Մեր ցուցակում մարդիկ են, ովքեր միասին տարիներ պայքարել են այս օրվա համար, նաև մարդիկ, ովքեր մտահոգ են Երևանի ապագայով ու ունեն շատ բարձր պրոֆեսիոնալիզմ տարբեր ոլորտներում»,- ասաց Հայկ Մարությանը:
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: Ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկը կտրվի սեպտեմբերի 10-ին: