Հայաստանում բիզնես սկսելու համար որևէ խոչընդոտ չկա. Նիկոլ Փաշինյանը՝ ռուսաստանահայ գործարարներին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը նոր ազդակ պետք է դառնա, որպեսզի Ռուսաստանի գործարարներն առավել ակտիվ լինեն Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ անելու իմաստով: Ինչպես Մոսկվայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ վարչապետը նման կարծիք հայտնեց Մոսկվայում ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ հանդիպման ընթացքում ունեցած ելույթում:
«Ըստ էության, ամենակարևոր արձանագրումը, որ ես հիմա կուզենայի անել հետևյալն է. բոլորս էլ գիտենք, որ մեր տնտեսության մեջ ներգրավվելու առումով եղել են որոշակի սահմանափակումներ: Ես այսօր ուզում եմ արձանագրել, որ հիմա մեր տնտեսության մեջ ներգրավվելու, ներդրումներ կատարելու, որևէ ձևով բիզնես գործունեություն ծավալելու համար Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկի համար չկա որևէ խոչընդոտ, չկան խանգարող պայմաններ: Բայց մի պայման կա՝ մենք պայմանավորվում ենք, որ որևէ գործունեություն պետք է հենված լինի օրենքի և օրինականության վրա: Այսինքն, Հայաստանի կառավարության միակ ակնկալիքը որևէ ներդրողից, որևէ բիզնեսից այն է, որ պետք է գործունեությունը 100 տոկոսով համապատասխանի Հայաստանի օրենքներին»,- նշեց նա:
Վարչապետը շեշտեց, որ իրենք գիտեն, որ Հայաստանի հարկային օրենսդրությունն ունի բազմաթիվ խնդիրներ՝ ընդգծելով, որ, երբեմն, ընկերությունները 100 տոկոսով օրենքի դաշտում աշխատելու դեպքում կարող են լուրջ վնասներ կրել: «Մենք այս ուղերձը նույնպես ընկալում ենք, և հիմա պատրաստում ենք էական և շատ կարևոր փոփոխություններ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում, որպեսզի օրինական դաշտում իսկապես հնարավոր լինի աշխատել: Մենք նաև ձեզ հրավիրում եմ, որպեսզի ձեր փորձը մեզ հետ կիսեք, որպեսզի այն խնդիրները, որ կան օրենսդրության մեջ, միասին լուծենք»,- ընդգծեց Փաշինյանը:
Ռուսաստանահայ գործարարը գիրք է նվիրում ՀՀ վարչապետին
Փաշինյանը շեշտեց, որ կառավարության և բիզնեսի միջև պետք է լինի համագործակցության մթնոլորտ: Նրա խոսքով՝ չի կարող օրինական աշխատող որևէ բիզնես կառավարության հետ հակասություններ ունենալ: «Մեր շահագրգռությունը հետևյալն է, որ դուք հնարավորինս շատ ներդրումներ անեք, հնարավորինս շատ աշխատատեղեր ստեղծեք և հնարավորինս շատ հարկեր վճարեք պետությանը՝ համոզված լինելով, որ ձեր վճարած ոչ մի կոպեկ հարկ չի թալանվելու, չի գողացվելու, վարչապետի կամ նրա ընտանիքի անդամների գրպանը չի գնալու: Մեր ուղերձը հետևյալն է՝ Հայաստանում գործեք, հարստացեք և հարստացրեք»,- շեշտեց ՀՀ վարչապետը:
Փաշինյանը հավաստիացրեց, որ իրենք կարողացել են հասնել նրան, որ այսօր Հայաստանի Հանրապետությունն ընկալվում է որպես վստահելի գործընկեր, որպես պետություն, որն արժանի է հարգանքի: «Սա բացառիկ հնարավորություն է, որ մենք մեր ընդհանուր հայրենիքը շենացնենք և հասցնենք զարգացման նոր մակարդակի: Ես շատ մեծ հույս ունեմ ձեր ակտիվության և աջակցության վրա: Ես համոզված եմ, որ ձեզանից որևէ մեկը չի հրաժարվի՝ ելնելով բիզնես շահերի տրամաբանությունից»,- ասաց նա:
Վարչապետը նաև կարևորեց մինչ այժմ գործած բարեգործության տրամաբանությունը՝ աշխատանքի, նոր աշխատատեղեր բացելու, նոր եկամուտներ ու շահույթներ ստանալու տրամաբանությամբ փոխարինելը: «Ինչքան Հայաստանում շատ հաջողված բիզնես ու օրենքի տառին համապատասխան հարստացած մարդ լինի, այնքան ավելի հարուստ է Հայաստանի Հանրապետությունն ու Հայաստանի ժողովուրդը»,- եզրափակեց վարչապետը:
Արաքս Կասյան